2016թ․ հունվար-սեպտեմբերին բանակում գրանցվել է 146 կորուստ․ զեկույց

2016թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում մահացել է 146 շարքային և պայմանագրային զինծառայող, ինչպես նաև քառօրյա պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականներ: Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակած զեկույցում։

Նշվում է նաև, որ ապրիլի 2-ին ռազմական գործողությունների ընթացքում արձանագրվել են Թալիշում 4 քաղաքացիական անձանց զոհվելու դեպքեր: Բացի այդ՝ օգոստոս ամսին տեղի ունեցած ավտովթարի պատճառով մահացել է ՌԴ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Պետրոսյանը:

Համաձայն զեկույցի՝ 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսների մահացության 146 դեպքերից 77-ը ապրիլի 1-5-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետևանքով են, իսկ մահացության մյուս 69 դեպքերից 28-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 15-ը՝ դժբախտ պատահարի (5-ը՝ ավտովթարի, 3-ը՝ բնական աղետի (1-ը՝ ձնահոսքի, 2-ը՝ ջրհեղեղի), 2-ը՝ բլինդաժի փլուզման, 2-ը՝ մեքենաներ վարելու, շահագործելու կանոնների խախտման, 1-ը՝ հոսանքահարման, 1-ը՝ ջրահեղձման, 1-ը՝ ականի պայթյունի), 12-ը՝ սպանության (5-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների, 3-ը՝ կանոնադրային հարաբերությունների խախտումների հետևանքով, 3-ը՝ դեռևս չհստակեցված հանգամանքներում, 1-ը՝ դիտավորյալ), 10-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով, 3-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով և 1-ը՝ առողջական խնդիրների՝ սրտի կաթվածի հետևանքով:

Մահացության 2 դեպքերում (1 ավտովթար և 1 ինքնասպանություն) զինծառայողները չեն գտնվել ծառայության մեջ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համեմատության կարգով նշում է, որ 2015թ․ նույն ժամանակահատվածում գրանցվել է մահացության 56 դեպք: 56 դեպքերից 31-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, 12-ը՝ դժբախտ պատահարի (11 ավտովթար, 1-ը դեռևս չճշտված հանգամանքների), 5-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 3-ը՝ սպանության (1-ը՝ դիտավորյալ, 2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման ), 3-ը՝ առողջական խնդիրների հետևանքով է, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով, 1-ը՝ դեռևս չճշտված դժբախտ պատահարի հետևանքով:

«Ներկայացված տվյալներից եզրակացնում ենք, որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը 2016թ. նույն ժամանակահատվածում, առանց ապրիլյան մարտական գործողությունների և պատերազմական գործողություններից հետո հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհերի թվի, 3 անգամ նվազել են 2015թ. համեմատ:

Սակայն կտրուկ աճել է սպանության հետևանքով մահացությունների թիվը՝ 4 անգամ (2015թ․՝ 3, 2016թ․՝ 12), ինքնասպանության դեպքերի թիվը՝ կրկնակի (2015թ․՝ 5, 2016թ․՝ 10)»,- ասված է զեկույցում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում է, որ 2016թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 105 (ապիլի 1-5-ի պատերազմական գործողությունների 77 դեպքերը և հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 28 մահվան դեպքերը) մահացության դեպքերից 2-ը տեղի են ունեցել ՀՀ-ում, որոնցից մեկը Տավուշի մարզի Ճամբարակ համայնքում, մյուսը՝ Վայոց ձորի մարզում:

Մեկնաբանել