Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը, որ իրականացնում է խոշոր բիզնեսի վերահսկողություն, հարկային պարտավորություններից խուսափելու դեպք է բացահայտել:
Ինչպես հաղորդում են ՊԵԿ մամուլի ծառայությունից, ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնի և խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատակիցների կողմից բյուջեի հետ փոխհարաբերության ճշտության ստուգումներ են իրականացվել «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության [իսպանական այս ընկերությունը «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի երեք մայրուղիների շինարարությունն իրականացնող ընկերությունն է – խմբ․] հայաստանյան մասնաճյուղում։
Համաձայն հաղորդագրության՝ իրականացված ստուգումների, ինչպես նաև ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների վերլուծության և համադրման, միջպետական հարցման և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով արձանագրվել է 2 մլրդ 600 մլն դրամի ակտ, և պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջարդվել շուրջ 1 մլրդ դրամի հարկային պարտավորություն:
Նշվում է, որ օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում միաժամանակ պարզվել է, որ ընկերությունը գործարքներ է իրականացրել ՀՀ-ում ռեզիդենտ հանդիսացող «3 Ջի քոնսթրաքշն», «Ֆեռունսա էյ էմ» և «Տեխնիքալ քովենանտ» ՍՊ ընկերությունների հետ:
ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ թեպետ 3 ընկերությունները հիմնադրվել են ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից, սակայն կազմակերպությունների կառավարումը հանձնվել էր Հայաստանում գործող իրավաբանական խորհրդատվական ընկերությունների: Սակայն վերջիններիս գործունեության ուսումնասիրությունը հիմնավոր կասկածի տեղիք էր տվել։ «Պարզվել է, որ այդ կազմակերպություններն իրենց աշխատողների թվաքանակով, ինչպես նաև նյութատեխնիկական առկա բազայով չէին կարող իրականացնել այն աշխատանքները, որոնք արտացոլված էին ներկայացված հաշվետվություններում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Երեք ընկերություններն էլ գործարքների արդյունքում ստացել են խոշոր գումարի հասույթներ: Այսպես, «3 Ջի քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունում` 516 մլն դրամ, «Ֆեռունսա էյ էմ» ընկերությունում` 187 մլն դրամ և «Տեխնիքալ քովենանտ» ընկերությունում` 557 մլն դրամ: Գումարներն ամբողջությամբ ձևակերպվել են «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի հարկային հաշվառման մեջ և հիմք հանդիսացել հարկային պարտավորությունների հաշվարկման համար:
Երեք կազմակերպությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն` հետագա ընթացքը որոշելու համար: