Կեղծիքի լավագույն կանխարգելումը 5000 դրամի կարիք չունեցող քաղաքացին է

«Սոված մարդիկ, գործազուրկ մարդիկ այն հումքն են,

ինչից կազմված են բռնապետությունները»։

Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ

Հայաստանի երկու խոշոր քաղաքների՝ Գյումրիի ու Վանաձորի ավագանու հոկտեմբերի 2-ի ընտրությունները շատ լուրջ ազդակներ են պարունակում` ուղղված հատկապես ընդդիմադիր ուժերին, որոնք հավակնում են 2017թ. խորհրդարանական ընտրություններում իշխանափոխության հայտ ներկայացնել:

Երկու խոշոր քաղաքներում ընդդիմությունը ներկայացնող առանձին ուժերի ստացած տոկոսները, մեղմ ասած, հուսադրող չեն, ու բոլորովին այն հիմքը չեն, որի վրա կարելի է նախագծել ապագա իշխանափոխությունը:

Ճիշտ է, համեմատած ՏԻՄ ընտրությունների՝ համապետական ընտրություններին քաղաքացիները էականորեն տարբեր վարքագիծ են դրսևորում՝ ավելի քաղաքական: Սակայն Գյումրիում ու Վանաձորում ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացվեցին, և դրանք ավելի քաղաքականացված էին, ինչպես համապետական ընտրությունները: Մյուս կողմից՝ Ազգային ժողովի նոր՝ «ռեյտինգային» կոչված ընտրակարգը օրենսդիր մարմնի ընտրությունները մոտեցնելու է ավագանու ընտրության բովանդակությանը: «Ռեյտինգային» կոչված համակարգը հնարավորինս ապաքաղաքականացնելու և անձնավորելու է ընտրությունները: Ուստի մեծ հավանականությամբ կարող ենք ասել, որ եթե Գյումրիում և Վանաձորում ավագանու փոխարեն ընտրեին պատգամավորներ, ապա ստացած տոկոսների մեջ շատ էական տարբերություն չէր լինի:

Անգամ ընտրակեղծիքների փաստը հաշվի առնելով՝ կարելի է նշել, որ իշխանություններից համատարած դժգոհության ֆոնին ընդդիմությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում համապետական մասշտաբով: Միգուցե ընդդիմադիր կուսակցությունների ստացած ձայները ավելի են, քան իշխանական կուսակցություններինը, սակայն իշխանությունը չի պարտվել:

Իշխանությունը հաղթել է՝ հիմնականում ավանդական ընտրակեղծիքների մեքենան գործի չդնելով։ Օրինակ՝ Գյումրիում բազմաթիվ ահազանգեր են եղել գումար բաժանելու դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև մեծ ազդեցություն է ունեցել թաղային հեղինակությունների կողմից քաղաքացիներին ուղղոդրված քվեարկության ուղարկելը:

Մեծ հաշվով հիմնականում քաղաքացիները ինքնակամ գումար են վերցրել, լսել են թաղերի հեղինակություններին ու կրկին ինքնակամ գանացել ընտրել են իշխանության թեկնածուներին: Միայն այն փաստը, որ քվեի դիամց գումար առաջարկելու հետ կապված որևէ քաղաքացուց դժգոհություն չի եղել, խոսում է այն մասին, որ այդ գումարները նրանք վերցրել են սիրով ու հոժարակամ:

Հատկանշական է, որ եթե նույնիսկ գումարով են ընտրել, ապա նրանք կարող էին այլ կուսակցության ընտրել, սակայն գերադասել են չխաբել:

Հակասական իրավիճակ է ստացվում․ քաղաքացիները համատարած դժգոհում են իշխանության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունից, իրենց կենսամակարդակի հետևողական անկումից, սակայն միևնույն ժամանակ իրենց քվեն տալիս են իշխանությանը:

Այս խնդիրը երկու բացատրություն ունի։

Նախ՝ բնակչության կենսամակարդակի կրիտիկական անկումը հանգեցրել է հասարակության կարիքավոր ու լյունպեն հատվածի մեծացմանը: Այս հատվածի վրա շատ հեշտ է ազդել գումարով և թաղային հեղինակությունների միջոցով: Նրանք քաղաքական ընտրություն չեն կատարում․ ընտրում են վերոհիշյալ երկու գործոնների ազդեցությամբ: Եթե նաև հաշվի առնենք արտագաղթի գործոնը, որի ընթացքում երկիրը լքել է հասարակության ոչ լյունպեն հատվածի մի զգալի մասը, ապա ստացվում է, որ քանակական առումով սկսել է գերիշխել հասարակության ապաքաղաքական ընտրություն կատարող ու լյունպեն հատվածը, որը ավանդաբար իշխանության օգտին է քվեարկում:

Երկորդ պատճառը ընդդիմադիր դաշտի խիստ ֆրագմենտացված վիճակն է և ընդդիմադիր կուսակցությունների հեղինակության կտրուկ անկումը: Սրա հետևանքով քաղաքացիները, ի դեմս ընդդիմադիր ուժերի, չեն տեսել ռեալ այլընտրանք իշխանություններին, իսկ տեսնելու մեծ ցանկության դեպքում անգամ բազմագույն ու բազմատեսակ «ընդդիմադիր» ուժերի միջև շատ դժվար է կողմնորոշվել:

Եթե այս երկու գործոններին գումարում ենք նաև ընտարկեղծարարության տոկոսը, ապա իշխանության հաղթանակը երաշխավորված է: Միգուցե դա բացարձակ հաղթանակ չէ, այնուամենայնիվ, իշխանությունը չի պարտվել: Զգալի քվեներ են ապահովել նաև այն կուսկացությունները, որոնք հեշտ կառավարելի են իշխանության կողմից: Ընդդիմադիր դաշտի ու հասարակության ներկայիս խճանկարը ապահովում է իշխանության հաղթանակը:

Ընտրությունների ընթացքում հասարակական վարքագիծը փոխելու երկու ճանապարհ կա։

Ներքևից տնտեսական բարեփոխումներ թելադրելով ունենալ այնպիսի քաղաքացի, որը ընտրությունների ժամանակ 5000 դրամ վերցնելու կարիք չի ունենա: Կեղծիքի լավագույն կանխարգելումը 5000 դրամի կարիք չունեցող քաղաքացին է:

Այս տարբերակը քիչ հավանական է, քանի որ խորհդրարանական ընտրություններին շատ քիչ ժամանակ կա, և այդ ընթացքում բնակչության կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ հազիվ թե հնարավոր լինի էական բան փոխել: Ավելին՝ հասարակության ներկայիս կառուցվածքը քաղաքական առումով իդեալական է ՀՀԿ-ի համար, քանի որ ընտրությունների արդյունքների վրա ազդում են ոչ թե քաղաքական գիտակցված ընտրություն կատարող քաղաքացիները, այլ այսպես կոչված քվեարկիչները:

Երկրորդ ճանապարհը ընդդիմադիր դաշտի դեֆրագմենտացիան է, ինչպես նաև քաղաքական բևեռացումը: Ընդդիմադիր ամբողջ դաշտի միավորումը՝ ընդդեմ գորոծող իշխանության, ուտոպիա է, և այդ ուղղությամբ քայլերը ջանքերի անիմաստ վատնում են: Սակայն հնարավոր է ձևավորել քաղաքական ընդդիամդիր բևեռ, ուժային կենտրոն, որը հայտ կներկայացնի իշխանությունը վերցնելու Սերժ Սարգսյանից: Ինչպես դա եղավ 2008թ.՝ ընդդիմությունը չմիավորվեց, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ «Համաժողովրդական շարժումը» վերածվեց քաղաքական ուժային կենտրոնի:

Մեկնաբանել