Նոր շունչ՝ ՄԱԿ-ին․ Անտոնիո Գուտերրիշը՝ հաջորդ գլխավոր քարտուղար

Միացյալ Ազգերի Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարը, շատերի ակնկալիքներին հակառակ, ո՛չ Արևելյան Եվրոպայի ներկայացուցիչ է, ո՛չ էլ՝ կին։

Նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի համար մրցապայքարի բացարձակ ֆավորիտ է Պորտուգալիայի նախկին վարչապետ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերրիշը։ Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն քվեարկել է նրա նշանակման օգտին։ Այսօր ԱԽ-ն պետք է ևս մեկ անգամ քվեարկվի, որից հետո Գուտերրիշի թեկնածությանը պետք է հավանություն տա Գլխավոր ասամբլեան։

Ինչպես գրում է BBC-ին, վկայակոչելով ՄԱԿ-ի՝ Գուտերրիշի աշխատելաոճին քաջատեղյակ աղբյուրները, նա ունակ է նոր շունչ տալ Միացյալ Ազգերին, ինչի կարիքը կառույցն ունի ինչպես երբեք։

67-ամյա Գուտերրիշը 1995-2002թթ․ եղել է Պորտուգալիայի վարչապետ, 2005-2015թթ․՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար։Գուտերրիշը Լիսաբոնում գործող Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: 

«Չեմ կարող ասել, որ կկարողանամ խուսափել ճնշումից, սակայն ես դրան կհակազդեմ»,- ավելի վաղ իր հնարավոր նշանակման մասին ասել էր Գուտերրիշը՝ հավելելով, որ Գերագույն հանձնակատար եղած ժամանակահատվածում իրեն «մշտապես հաջողվել է անկախություն պահպանել», և դա կարող են փաստել ՄԱԿ-ի անդամ պետությունները։ Պաշտոնյան խոստացել է ապագայում նույնպես հավատարիմ մնալ իր սկզբունքին։

Պորտուգալերենին, իսպաներենին, անգլերենին և ֆրանսերենին ազատ տիրապետող Գուտերրիշը Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնում զգալիորեն կրճատել է Ժնևի կենտրոնակայանում պաշտոնյաների թիվը, դրա հետ մեկտեղ, ինչպես շեշտում են փորձագետները, միջազգային ճգնաժամերին արձագանքելու գործակալության ունակությունները բարելավվել են։ Գուտերրիշը մշտապես կոչ է արել զարգացած և բարեկեցիկ երկրների կառավարություններին ավելի շատ միջոցներ հատկացնել հակամարտություններից և տարերային աղետներից տուժածներին։

«Մենք չենք կարող կանգնեցնել մարդկանց, որոնք մազապուրծ՝ փախչում են։ Նրանք կգան։ Մեր առջև ծառացած հարցն է, թե որքան լավ կպատրաստվենք նրանց գալուն, որքան մարդասիրական կլինի մեր մոտեցումը նրանց»,- անցյալ տարի Time ամսագրում գրել էր Գուտերրիշը։

Վերջին տարիներին ՄԱԿ-ի հեղինակությունն ու արդյունավետությունը նվազել են, կարծում են հանուն խաղաղության և մարդու իրավունքների աշխատող համաշխարհային առաջնորդների անկախ խումբի՝ The Elders-ի («Ավագներ») անդամները։ Նրանք հանդես են եկել կազմակերպությունը բարեփոխելու մի շարք առաջարկներով, որոնցից հիմնականը թերևս վերաբերում է գլխավոր քարտուղարի պաշտոնավարումը մեկ ժամկետով սահմանափակելուն (7 տարի)։ Խմբի անդամները նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում ցանկանում են տեսնել ամենաարժանի թեկնածուին, որը կլինի իսկապես անկախ, միևնույն ժամանակ, կկարողանա իր աշխատանքը կառուցել փոխադարձ հարգանքի սկզբունքի հիման վրա։