Սուրիկ Խաչատրյանը պահեստավորված է Սերժ Սարգսյանի էության մեջ

Սուրիկ Խաչատրյանը հեռանում է երկրորդ անգամ: Մարդիկ, ասում են, ոգևորված են: Բայց հիշու՞մ եք նրա երկրորդ գալուստն ինչպես ընդունեցին Սյունիքում: Միայն հրավառությունն էր պակասում օրը ցերեկով: Ինչու՞: Որովհետև մենք ծրագրավորված ենք արդեն «Տիրոջ» սպասումով: Մենք ծույլ ենք ինքներս Տեր լինելու համար: Սուրիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի «ծրագրային» ստրկության մի օղակն է:

Այդ մարդուն քաղաքացի պետք չէ, սյունեցին նրա համար պաթոս է և ոչ թե պետության ներկայացուցիչ: Հրահանգե՛ք այդ «Երկրորդ գալստյան» դիմավորողներին քարկոծել Սուրիկ Խաչատրյանին, և նրանք առանց վարանելու կքարկոծեն: Ուրեմն՝ ինչու՞ է Հայաստանը ոգևորված, որ այդ իսկապես հիվանդ մարդը հեռանում է: Չէ՞ որ չեն հեռանում երկրորդ Սուրիկ Խաչատրյանին սպասողները: Չէ՞ որ չեն հեռանում նրանք, որոնք ցանկացածից կարող են ստանալ Սուրիկ Խաչատրյան: Սա՞ է կոչվում է կառավարման համակարգը մաքրել հանցագործներից: Ըստ իս՝ ոչ: Որովհետև հանցանքը փայփայվում է Կառավարչի «տեսիլքներում», այսօր նա հեռացնում է Սուրիկ Խաչատրյանին, սակայն մատը մատին չի խփի, որպեսզի սովորական սյունեցին մոռանա Տիրոջը:

Գլխավոր Սուրիկ Խաչատրյանը պահեստավորված է Սերժ Սարգսյանի էության մեջ: Երբ մենք կենտրոնանում ենք նախկին մարզպետի կերպարի վրա, Սերժ Սարգսյանն իր հերթական հաղթանակն է արձանագրում մեր միամտության հաշվին: Նա կառավարման ամեն փուլի համար իր Սուրիկ Խաչատրյանն ունի: Անուն ազգանունները շփոթեցնում են մեզ, որովհետև մենք մեր կողմը չենք նայում, մենք մտածում ենք, որ ազատվեցինք Սուրիկ Խաչատրյանից: Մինչդեռ պետությունը մեզնից պետք է ազատվի, ոչ թե` Սուրիկ Խաչատրյանից: Գյումրիում քաղաքացին 5 հազար դրամ էր վերցնում ոչ Սյունիքի մարզպետի ձեռքից կամ քավորությամբ: Ուրեմն, գյումրեցու մեջ էլ է նստած էդ ահարկու համբավով մարդը: Կամ, ավելի ճիշտ, 5 հազար դրամ վերցնող գյումրեցին այդպես էլ չհասունացրեց իր մեջ նրան, որն ուղղակի կոչնչացներ էդ ահարկու համբավով մարդուն, եթե հանկարծ նա որպես այլընտրանք կանգներ արժանապատվության դեմ:

Հայաստանի ամեն անկյունում այդ ահարկու համբավով մարդը կա: Երևանում էլ կա: Որովհետև մեր գոյության ողորմածությունն ամբողջությամբ հանձնել ենք Սերժ Սարգսյանի մանիպուլյացիաներին: Էդ մարդու անունը դրել ենք Սուրիկ Խաչատրյան, որպեսզի Երևանում մեզ ազատենք նրան հլու հնազանդ սյունեցի լինելու խայտառակությունից: Մինչդեռ այստեղ մենք այդպիսի հարյուրավորներն ունենք: Իսկ ունենք, որովհետև պետությունն ամբողջությամբ հանձնել ենք ուրիշների «տեսիլքներին»: Սկսենք այնտեղից, որ ո՞վ է փողոց դուրս գալու, եթե Սուրիկ Խաչատրյանը երրորդ անգամ նշանակվեց Սյունիքի մարզպետ կամ դարձավ ԱԺ պատգամավոր: Կամ ո՞վ է ասում, որ նրա փոխարեն եկողը սեփական մտահղացումներով է գալիս: Թող հրեշտակ լինի եկողը: Իրեն ո՞վ է թույլ տալու սեփական մարտահրավերներով կառավարել, եթե Սերժ Սարգսյանը վերարտադրվելու իր ծրագրերն ունի: Չէ՞ որ նա չի գալիս ասելու, որ ոչ ոք այս պետության մեջ այլևս միանձնյա ոչինչ չի որոշելու, նա գալիս է, որպեսզի հնարավոր դարձնի քաղաքացու 2017-ի վերջնական պարտությունը: Բոլոր այս մարդկանց տեսադաշտում Հայաստան չկա, որովհետև Հայաստան չկա գլխավորի գլխում:

Դուք ի՞նչ եք սպասում՝ որ նոր մարզպետը քի՞չ է թալանելու: Դուք ենթադրում եք, որ այնպիսի ժամանակներ են եկել, որ մարդը, սովորական քաղաքացին գալիս է առաջին պլա՞ն: Եթե դուք դա տեսնում եք այսօրվա նշանակումներով, ապա ձեզ զգուշացնում ենք, որ ձեր մեջ ազատվեք Սուրիկ Խաչատրյանից: Իր երկրորդ վերադարձը ձեր մեջ առաջինից չազատվելու արձագանքն էր: Որովհետև Սերժ Սարգսյանի գլխավոր հենարանը հո Սուրիկ Խաչատրյանը, Վահե Հակոբյանը կամ Կարեն Կարապետյանը չեն: Իր գլխավոր հենարանը մենք ենք, շարքային սյունեցին կամ շիրակցին է:

Էս մարդիկ դեռևս կեղծիքի այլընտրանքը չունեն, նրանք չունեն համապատասխան համակարգեր, որոնք ի վերջո իրենց տանելի կդարձնեն առանց կեղծիքների: Հայաստանը պետք է ազատվի Սերժ Սարգսյանից: Եվ միայն դրանից հետո դուք կտեսնեք, որ Սուրիկ Խաչատրյանը չկա: Ավելին, գուցե սկսեք նկատել, որ ձեր մեջի «Լիսկան» էլ չկա: Որովհետև դուք և մենք ենք սնում նրան, դուք և մենք ենք Սյունիքի նման զտարյուն հողի վրա հնարավոր դարձրել այն վախը, որը միշտ պատվանդան է դառնում հանցագործի՝ որպես Տիրոջ բարձրանալու համար: Եվ ուրեմն, մի ասեք, թե Սյունիքի մարզը ազատվեց Սուրիկ Խաչատրյանից: Որովհետև չի լինում այնպես, որ Սյունիքը մաքրվի, իսկ Շիրակը, Արարատը կամ Երևանը մնան կեղտոտ: Որովհետև մենք նրանցով չենք արատավորված, մենք նրանց բերել և իշխանություն ենք դարձրել մեր արատների «քվեով»: Որովհետև գլխավորի մեջ մենք տանուլ ենք տալիս ամեն օր՝ մենք օժտված չենք այդպիսիններ չունենալու դիմադրողականությամբ: Եվ իշխանության գալիս ու գնում են հարյուրավոր սուրիկներ, որոնք նույնիսկ իրենց տանը պետք է վճռորոշ խոսքի իրավունք չունենային:

Մի կարծեք, թե Սերժ Սարգսյանն ամենայն լրջությամբ մաքրում է պետական ապարատը հանցագործներից և անգրագետներից: Այդ անգրագետներն ու հանցագործները նրա մոլախոտերը չեն: Նույնիսկ, եթե այլևս պետք չեն իրեն, ինքը հո գիտի, որ ինքնապահպանման համար բոլոր մեթոդներն ընդունելի են: Այսօր նա փխրեցնում է հողը մի կառավարությամբ, որը ամենակարևորի՝ ընտրության ժամանակ արդեն իսկ չունի վճռորոշ խոսքի իրավունք: Էլի վերջին խոսքը հանցագործներինն ու օլիգարխներինն է (ահա թե ինչի համար էր ռեյտինգային քվեարկությունը ԸՕ-ում), որովհետև նրանք են գործուղվելու խորհրդարան: Իսկ Սերժ Սարգսյանն այսօր հետին պլան է մղվում, որպեսզի 2017-ին վերարտադրման գործը անեն հույսի մանեկենները՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:

Մեկնաբանել