Վրաստանը՝ ընտրությունների նախաշեմին․ ով ով է

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները երբևիցե ձանձրալի չեն ընթացել, և հոկտեմբերի 8-ին կայանալիք քվեարկությունը, կարծես, նույնպես բացառություն չի լինելու։ Նախընտրական քարոզարշավի ավարտին՝ հոկտեմբերի 4-ին, Թբիլիսիում պայթեցվել է «Ազգային միացյալ շարժում» կուսակցության անդամ պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան, ինչի հետևանքով վիրավորվել է 5 մարդ, որոնցից 4-ին տեղափոխել են հիվանդանոց: Գիվի Թարգամաձեն պայթյունի արդյունքում չի տուժել:

Տեղի ունեցածի համար ընդդիմությունը մեղադրեց իշխանություններին, իսկ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ակնարկեց, որ ահաբեկչության հետքերը տանում են արտերկիր, հնարավոր է՝ Օդեսսա, որը ներկայում ղեկավարում է Միխեիլ Սաակաշվիլին։

Հայրենիքում հետախուզման մեջ գտնվող Սաակաշվիլին, մինչդեռ, վերջերս հաճախ է խոսում վերադառնալու մասին՝ չնայած իշխանությունների այն հայտարարություններին, որ Վրաստան ոտք դնելուն պես նախկին նախագահը ձերբակալվելու է։

Հոկտեմբերի 5-ին Թբիլիսիում իր կուսակցության բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ Ֆեյսբուքի ուղիղ հեռարձակման միջոցով դիմելով համախոհներին՝ Սաակաշվիլին ծաղրել է իր հակառակորդ Բիձինա Իվանիշվիլիին՝ ասելով, որ նա դատապարտված է պարտության։

Վրաստանի նախկին նախագահը խոստացել է ընտրություններից հետո վերադառնալ Վրաստան, որտեղ իրեն «կողջունեն բազմաթիվ մարդիկ՝ հակառակ կառավարության՝ իրեն ձերբակալելու սպառնալիքներին»։

«Հոկտեմբերի 8-ից հետո մենք հրաժեշտ կտանք Բիձինա Իվանիշվիլիին, որին որևիցե բուհում կառավարության հաշվին կսովորեցնեն Կամբոջայի և Նիկարագուայի, Փոլ Փոթի և Ստալինի տարբերությունը»,- հայտարարել է Սաակաշվիլին՝ պատասխանելով հարցերին։

Պնդելով, որ Իվանիշվիլին «կրթության կարիք ունի», Օդեսսայի նահանգապետը նշել է, որ իր հակառակորդը չի սիրում կրթված մարդկանց, և հենց դա է ամենամեծ խնդիրը։

Սոցիոլոգիական հարցումները, սակայն, վկայում են, որ «Ազգային միացյալ շարժումը» վայելում է ընտրողների 13 տոկոսի աջակցությունը։

«Իմեդի» հեռուստաընկերության պատվերով JPM Strategic Solutions ընկերությունը սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 3-ն անցկացրել է հետազոտություն, որի համաձայն՝ «Վրացական երազանք»-ին սատարում է ընտրողների 36 տոկոսը, «Ազգային միացյալ շարժմանը» ՝ 13 տոկոսը, «Ազատ դեմոկրատներ»-ին՝ 4 տոկոսը, Աշխատավորական կուսակցությանը՝ 3 տոկոսը, Պաատա Բուրճուլաձեի դաշինքին՝ 2 տոկոսը, «Հայրենասերների դաշինքին»՝ 2 տոկոսը, «Նինո Բուրջանաձե – Ժողովրդավարական շարժմանը»՝ 2 տոկոսը, մյուս կուսակցություններին՝ 2 տոկոսը։

Ուշագրավ է, որ Սաակաշվիլիի կուսակցության դիրքերը սեպտեմբերյան արդյունքների համեմատ՝ 12,8 տոկոս, մնացել են գրեթե անփոփոխ, իսկ իշխող «Վրացական երազանքը» բարելավել է իր արդյունքները գրեթե չորս կետով։

Հոկտեմբերի 8-ի մրցապայքարին մասնակցելու համար գրանցվել է 19 կուսակցություն և 6 քաղաքական բլոկ, սակայն ակնհայտ է, որ հիմնական պայքարը ծավալվելու է «Վրացական երազանքի» և «Ազգային միացյալ շարժման» միջև։ Մյուս բոլոր կուսակցությունները թեև ձգտելու են խորհրդարան մտնելու համար հաղթահարել հինգ տոկոս անցողիկ շեմը, սակայն, հաշվի առնելով վերջին հարցումների արդյունքները, դժվար հաջողեն։

Ընտրություններին մասնակցող դաշինքներ

«Ազգային միացյալ շարժում»

Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած, խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը՝ «Ազգային միացյալ շարժումը», ընտրություններում հանդես է գալիս դաշինքի տեսքով՝ միավորված «Եվրոպական Վրաստան» փոքր կուսակցության հետ։

2012թ․ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի էր ունեցել խաղաղ ճանապարհով իշխանափոխություն։ «Վրացական երազանք» դաշինքն այն ժամանակ ստացել էր խորհրդարանական տեղերի մեծամասնությունը, իսկ «Ազգային միացյալ շարժումը» ձևավորել էր խորհրդարանի խոշորագույն ընդդիմադիր խմբակցությունը։

Իշխանափոխությունից հետո նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և կառավարության մի շարք անդամներին մեղադրանքներ ներկայացվեցին, ոմանք հայտնվեցին ճաղերի հետևում։

Քաղաքագետները հակված են մտածելու, որ կուսակցության ժողովրդականության վրա Միխեիլ Սաակաշվիլիի ազդեցությունը ոչ միանշանակ է․ դժվար է պնդել, որ նա ղեկավարում է կառույցը, սակայն չի կարելի նաև ասել, որ այն անկախ է Սաակաշվիլիից։ Նա պարբերաբար հանդես է գալիս տեսաուղերձներով, նրա կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, երկրորդն է կուսակցության ցուցակում, ինչպես նաև մեծամասնական համակարգով առաջադրված է Զուգդիդիի ընտրատարածքում։

«Պաատա Բուրճուլաձե – Պետություն հանուն ժողովրդի»

Ի սկզբանե ընտրական այս դաշինքն ընդգրկում էր օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեի «Պետություն հանուն ժողովրդի» ընդդիմադիր կուսակցությունը և նրան միացած «Գիրչի նոր քաղաքական կենտրոնը», «Նոր Վրաստան», «Նոր աջեր» կուսակցությունները, սակայն «Գիրչի նոր քաղաքական կենտրոնն» անսպասելիորեն լքեց դաշինքը։

«Նինո Բուրջանաձե – Ժողովրդավարական շարժում»

«Նինո Բուրջանաձե – Ժողովրդավարական շարժում» դաշինքը ձևավորել են Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի «Միացյալ ժողովրդավարական շարժում» և ավելի փոքր «Ժողովրդավարական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցությունները։

«Հայրենասերների դաշինք. միացյալ ընդդիմություն»

Դաշինքի մեջ մտնում են վեց կուսակցություններ՝ «Հայրենասերների դաշինքը», «Ազատ Վրաստանը», «Ավանդապահները», «Ազատությունը», Նոր քրիստոնեա-դեմոկրտաները և Ուժային վետերանների ու Վրաստանի հայրենասերների քաղաքական շարժումը»։

«Արդյունաբերողներ – Մեր Վրաստան»

Ընտրական դաշինքի մեջ են մտնում «Արդյունաբերողների» և «Մեր հայրենիք» կուսակցությունները։ Վերջինիս առաջնորդ Զվիյադ Չիթիշվիլին ունի բիզնես Ռուսաստանում և ռուս-վրացական երկքաղաքացիություն։ Կուսակցության նախընտրական խոստումներից մեկն է ՌԴ անձնագրերի բաժանումը։

«Մեր – Ժողովրդական կուսակցություն»

Դաշինքը ձևավորել են երկու փոքր, ոչ այնքան հայտնի կուսակցություններ՝ «Մեր» և «Ժողովրդական» կուսակցությունները։

Ընտրություններին մասնակցող կուսակցություններ

Բիձինա Իվանիշվիլիի հիմնած «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, ինչպես Հանրապետական, «Ազգային ֆորում» և պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, որոնք 2012թ․ միավորվել էին «Վրացական երազանք» դաշինքի մեջ, առաջիկա ընտրություններին գնում են միմյանցից անկախ։

Ըստ այդմ՝ մասնակից կուսակցություններն են․

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան», «Ազատ դեմոկրատներ», Աշխատավորական կուսակցություն, Հանրապետական կուսակցություն, «Ազգային ֆորում», «Հանուն միացյալ Վրաստանի, Ժողովրդավարական կառավարություն, «Հանուն Վրաստանի խաղաղության», «Զվիադի ճանապարհը՝ Աստծո անունով», «Վրաստան», Վրաստանի ստալինիստների կոմունիստական, Միացյալ կոմունիստական, Աշխատավորների սոցիալիստական, «Մերաբ Կոստավա միություն», «Վրացական գաղափար», «Ձախակողմյան դաշինք», «Մեր Վրաստան», «Քարթուլի դասի» («Վրացական ժողով»), Առաջադիմական-ժողովրդավարական շարժում կուսակցությունները։

Հանգստացե՛ք․ Վարդերի հեղափոխություն 2 չի՛ լինի

Georgia Today կայքի սյունակագիր Զազա Ջքարքավան, հաստատելով միտքը, որ մրցապայքարը ծավալվելու է երկու հսկաներ՝ «Վրացական երազանքի» և «Ազգային միացյալ շարժման» միջև, կայանալիք ընտրություններում քաղաքական կարևորագույն հարց է համարում այն, թե արդյոք դրանց կհետևեն բողոքներ։

«Կարող ենք վստահ լինել, որ դրանից հետո կլինեն բողոքի ակցիաներ և հանրահավաքներ, սակայն հեղափոխությո՞ւն։ Ո՛չ»,- գրում է հեղինակը՝ շեշտելով, որ քաղաքական ուժերից և ոչ մեկին դա պետք չէ։

Ամերիկյան «Կարնեգի» հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը կարծում է, որ իշխող «Վրացական երազանքի» հաղթանակը երաշխավորված չէ, թեև մայրաքաղաքից դուրս այն շատ ազդեցիկ է և կարող է բավականաչափ տեղեր ստանալ միամանդատ ընտրատարածքներում:

Փորձագետը կանխատեսում է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքը կարող է խառնաշփոթի նմանվել, սակայն ժողովրդավարական խառնաշփոթի:

«Եթե հստակ արդյունք չգրանցվի, դա կլինի թեստ Վրաստանի ինստիտուտների համար՝ նախագահի, քաղծառայողների, մամուլի և դատարանների, որոնք պետք է շարունակեն առաջ տանել պետական նավը»,- գրում է դե Վաալը և համոզմունք հայտնում, որ Վրաստանում ընթացող պետականաշինության շնորհիվ կան հիմքեր ենթադրելու, որ նրանք կհաջողեն:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել