Վանաձորում ընդդիմադիր ուժերը կստորագրեն համագործակցության հուշագիր

Հոկտեմբերի 2-ին կայացած Վանաձորի ավագանու ընտրություններում 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրած ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները կստորագրեն համագործակցության հուշագիր՝ Վանաձորում քաղաքական համագործակցության շուրջ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքում կայացած ՏԻՄ ընտրությունները կարող են դնել Հայաստանում որակական փոփոխությունների սկիզբը։ Նշվում է նաև, որ երեք կուսակցությունների միջև առաջիկայում կստորագրվի համագործակցության հուշագիր, որը կվերաբերի Վանաձոր քաղաքի համագործակցային կառավարմանը ` հիմնված քաղաքի համաչափ զարգացման, արդյունավետ և թափանցիկ կառավարման սկզբունքների վրա:

«Ընտրություններից անմիջապես հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև համագործակցության վերաբերյալ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կարող էր արդյունավորվել, եթե «Լուսավոր Հայաստանին» միանալու առաջարկին միանար «Հայկական վերածնունդ» կուսակցությունը։ Այսօր ՀՎԿ-ն հայտարարել է, որ ընդունում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկը՝ պաշտպանելու «Լուսավոր Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի թեկնածությունը և Հայաստանի երրորդ քաղաքում իրականացնելու համագործակցային կառավարում, որն ըստ էության նոր մշակույթ է Հայաստանի քաղաքական պատմության մեջ»։

Մեկնաբանել