Արցախում հակառակորդի կրակից զինվոր է վիրավորվել

Հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է․

«Դատելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում տեղ գտնող զարգացումներից՝ տպավորություն է ստեղծվում, որ հակառակորդն ընտրել է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար և նպատակային սրելու մարտավարություն: Դա արտահայտվում է ինչպես հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի քանակական աճով, այնպես էլ դրանցում կիրառվող զինատեսակների որակական հատկանիշներով»:

ԼՂՀ ՊՆ-ն հավելում է․ «Հատկանշական է, որ ապրիլյան քառօրյա առճակատումը սանձազերծած ադրբեջանական կողմը, որը վերահաս պարտությունից խուսափելու նպատակով ստիպված էր իր իսկ խնդրանքով և երրորդ կողմի միջնորդությամբ մարտագծում վերահաստատել 1994-ի մայիսին եռակողմ համաձայնությամբ ձեռքբերված հրադադարը, կրկին անցել է սադրիչ գործողությունների ոչ միայն հակամարտ զորքերի շփման գծում, այլև քարոզչական դաշտում:

Անցած օրերի ընթացքում հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, այդ թվում` «ԴՇԿ» տիպի գնդացիր, «Սև նետ» և «Իստիգլալ» դիպուկահար զինատեսակներ ու ՀԱՆ-17 տիպի նռնականետ, այսօր տարածել է տեղեկություն առ այն, թե իբր հայկական կողմն առաջնագծում կիրառել է 60 մմ-ոց ականանետեր»:

ԼՂՀ ՊՆ-ն հայտարարում է, որ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան իրավիճակի ապակայունացմանն ուղղված պարզամիտ քարոզչական հնարք:

Մեկ այլ հաղորդագրությամբ ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից հյուսիսային ուղղությամբ կիրառված ՀԱՆ-17 տիպի նռնականետի արդյունքում վնասված ՊԲ ավտոմեքենայի լուսանկարները։

Մեկնաբանել