Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Հալեպում հաստատված ընդդիմադիրներին նախազգուշացրել է, որ կառավարության հետ համաձայնության չգալու դեպքում բանակին չի մնա այլ ընտրություն, քան նրանց քաղաքից արտաքսելը:
Այսպիսի հայտարարություն Ասադն արել է դանիական TV2 հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հետևել է երկու շաբաթ առաջ Հալեպում կառավարական ուժերի ձեռնարկած լայնամասշտաբ հարձակմանը:
Ասադի խոսքով՝ Հալեպի համար «լավագույն տարբերակը» կլինի այնպիսի հաշտեցում, ինչպիսին տեղի է ունեցել մյուս շրջաններում՝ նկատի ունենալով այն քաղաքներն ու թաղամասերը, որտեղ ընդդիմադիր խմբերը համաձայնել են տեղական հաշտության վարչակարգի հետ:
Հակառակ դեպքում, նշել է Սիրիայի ղեկավարը, ինքը ստիպված է լինելու պայքարել ընդդիմության դեմ մինչև նրանց վերջնական արտաքսումը Հալեպից: Ասադը շեշտել է, որ ընդդիմադիրները կարող են վայր դնել զենքն ու հեռանալ իրենց ընտանիքների հետ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ընդդիմությունը, սակայն, Հալեպից դուրս գալու մտադրություն չունի՝ համաներման առաջարկը որակելով «խորամանկ քայլ»:
Հալեպում ամրացած ընդդիմադիր խմբերից մեկի ներկայացուցիչը գործակալությանն ասել է, որ իրենց համար «անհնար է» հեռանալ Հալեպից. Դա խորամանկ հնարք է վարչակարգի կողմից:
«Հալեպը մյուս շրջանների պես չէ, խմբերը չեն կարող նահանջել»,- ասել է Reuters-ի զրուցակիցը:
Դանիական հեռուստաալիքի հետ զրույցում Սիրիայի առաջնորդը Վաշինգտոնին մեղադրել է «Ալ-Նուսրա» ճակատին որպես իր «լիազոր կառույց» օգտագործելու մեջ, և հենց դրանում տեսել հրադադարի խախտման պատճառը:
««Ալ-Նուսրան» ամերիկյան խաղաքարտ է: Առանց դրա ամերիկացիները չեն կարող ունենալ իրական, այսպես ասած, կոնկրետ և արդյունավետ խաղաքարտ սիրիական հարթակում»,- ասել է Ասադը:
Նա հերքել է պնդումները, որ իր ուժերը կանխամտածված թիրախավորում են բուժհաստատությունները և սահմանափակում քաղաքացիական բնակչությանը տրամադրվելիք օգնությունը:
«Ոչ մի էմբարգո, մենք չենք սահմանափակում դեղորայքի կամ սննդի մուտքը Հալեպի արևելք»,- ասել է Սիրիայի ղեկավարը՝ հավելելով, որ որպես կառավարություն՝ «չեն վարում հիվանդանոցներն ու դպրոցները ոչնչացնելու քաղաքականություն»:
«Դա նման է նրան, որ ինքներս մեզ ոտքից հարվածենք»,- ասել է Ասադը:
Վերջինս նաև հերքել է, որ Սիրիայում կան ոչ ջիհադական, ընդդիմադիր խմբեր:
«Լսե՞լ եք միաեղջյուրի մասին՝ կենդանու, որը նման է ձիու՝ երկար եղջյուրով: Դա առասպել է: Չափավոր ընդդիմությունը նույնպես առասպել է»:
Սիրիայի զինված ուժերը սեպտեմբերի 22-ին հայտարարել են Հալեպի արևելյան հատվածներում լայնամասշտաբ գործողություններ սկսելու մասին: Այդ օրվանից ի վեր կառավարական ուժերը՝ սիրիական և ռուսական օդուժի օգնությամբ, հարվածներ են հասցնում քաղաքի վրա:
Երեկ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ Հալեպի արևելյան հատվածները կարող են «ամբողջապես ոչնչացվել մինչև տարեվերջ»:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ՄԱԿ-ը կոչ է արել Սիրիային և Ռուսաստանին դադարեցնել Հալեպի արևելյան մասի ռմբակոծությունները: Վերջին պաշտոնական տվյալներով, մոտ տասն օրվա ընթացքում այնտեղ զոհվել է ավելի 100 հարյուր երեխա:
Հալեպում սեպտեմբերի վերջին սրված իրադրության կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին հանձնարարել էր երկու օդանավով մարդասիական օգնություն հասցնել Սիրիա։ Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳՆ-ն սոցցանցերում տեղեկացրեց, որ Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությամբ առաջին օդանավը ժամանել է Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա։ Հաջորդ օրը հաղորդվեց Երևանից Սիրիա ուղարկված երկրորդ օդանավի մասին։ Այսօր ԱԳՆ-ն տեղեկացրեց, որ Հայաստանից հումանիտար օգնությամբ շարասյունը ժամանել է Հալեպ:
Հալեպում վիճակը օրհասական է. հալեպահայ գործիչ
Հալեպում բնակվող հրապարակախոս Մանուել Քեշիշյանը (Մանուէլ Քեշիշեան) ՍիվիլՆեթին պատմել է այս օրերին Հալեպի հայության օրհասական դրության մասին: Քեշիշյանի խոսքով՝ այսօր Հալեպում կա 8-ից 10 հազար հայ, հայկական բոլոր դպրոցների աշակերտության թիվը մոտ 2 հազար է, կան հազարից ավելի 70 տարեկանից բարձր անձինք: Մեկ շաբաթից ավելի է՝ ջուր չկա: Էլեկտրականություն կա՝ միայն գեներատորներից, և այն շատ թանկ է.
«Համայնքը ծայրաստիճան աղքատացած է, և մեծ մասամբ ծայրը ծայրին է հասցնում տարբեր հաստատություններից ստացած օգնություններով»,- տեղեկացրել է Քեշիշյանը: Նա նաև տարակուսանք է հայտնել Հայաստանի իշխանությունների վերջին օգնության առնչությամբ:
Ավելին՝ «Հալեպում վիճակը օրհասական է, մեծ է Հայաստանում հաստատվել ցանկացողների թիվը. հալեպահայ գործիչ»:
Ստելլա Մեհրաբեկյան