Երազանք և իրականություն․ վրաստանյան ընտրությունների շուրջ

Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հանրապետության օրեսդիր մարմին են անցնում երեք կուսակցություններ՝ իշխող «Վրացական երազանքը», նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը և «Հայրենասերների դաշինքը»: Այս մասին վկայում են 99,92 տոկոս ընտրատեղամասերում ձայների հաշվման տվյալները, որոնք հրապարակված են Վրաստանի Կենտրոնական ընտրական հանժնաժողովի կայքում:

Այսպես՝ «Վրացական երազանքը» ստանում է 48,6%-ը կամ 856 հազ․ 858 ձայն, «Միացյալ ազգային շարժումը»՝ 27,14%-ը (478 հազ. 416 ձայն), «Վրաստանի հայրենասերների դաշինքը»՝ 5% կամ 88 հազ․ 32 ձայն։ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, հավաքելով ձայների 4.61%-ը, մոտեցել է 5 տոկոս շեմին, սակայն դժվար այն հաղթահարի։

Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրատարածքներին, ապա, ինչպես հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հնարավոր է ավելի քան 50 ընտրատարածքներում նշանակվի ընտրությունների երկրորդ փուլ։ Այն կանցկացվի բոլոր այն ընտրատարածքներում, որտեղ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել 50%-ի շեմը։

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին երեկ կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է, որ ընտրությունները «թափանցիկ էին, ազատ և ժողովրդավարական»։ Նա հույս է հայտնել, որ երկրորդ փուլում կրկին կգրանցվի մեծ ակտիվություն, և կհաղթեն արժանի թեկնածուները։

Մինչդեռ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչներն ու համախոհները դժգոհ են քվեարկության արդյունքներից՝ դրանք համարելով կեղծված։ ՄԱՇ-ի կողմնակիցների պնդմամբ՝ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին չի վայելում այդքան մեծ հեղինակություն։

Վրաստանում կայացած ընտրություններին բավական լավ գնահատական են տվել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։ Նրանց գնահատմամբ՝ վրաստանյան ընտրություններն անցել են «մրցակցային և լավ կազմակերպված միջավայրում՝ ընդհանուր առմամբ, մարդու իրավունքների պահպանմամբ»։ Նրանք, միևնույն ժամանակ, մատնանշել են բռնության առանձին դեպքերը, որոնք որոշակի ազդեցություն են ունեցել ընտրական արշավի խաղաղ և բաց միջավայրի վրա։

«…Ընտրական գործընթացի ավարտին մենք պատրաստ ենք լինելու աշխատել ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր խորհրդարանի և կառավարության հետ՝ քաղաքական և տնտեսական սերտ կապերի խորացման նպատակով, որոնք հիմնվում են Վրաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների վրա», – ասված է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունում։

Միջազգային մամուլի անդրադարձը

Վրաստանում անցած ընտրություններին արձագանքել են միջազգային բազմաթիվ առաջատար լրատվականներ, որոնք նշում են, որ Ռուսաստանի հետ լարվածության հետ մեկտեղ Վրաստանը շարունակում է ձգտել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հետ ինտեգրմանը։ Պարբերականները Վրաստանն անվանել են տարածաշրջանում ժողովրդավարության մոդել և դրոշակակիր։

«Ընտրությունների արդյունքներից անկախ՝ նախկին խորհրդային հանրապետությունը կարծես վճռական է Արևմուտքի հետ ավելի սերտ ինտեգրման հարցում՝ կենդանի պահելով ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հույսերը»,- նկատում է ամերիկյան ABC-ն։

Բրիտանական Daily Mail-ը ընտրությունները որակել է որպես «կայունության թեստ մի երկրում, որով անցնում են ռազմավարական առումով կարևոր խողովակաշարեր և որը Ռուսաստանի ու Արևմուտքի առճակատման ավանդական կետ է»։

Բրիտանական մեկ այլ պարբերական՝ BBC-ն, նշել է, որ «գերազանցապես ավտորիտար պետությունների տարածաշրջանում Վրաստանը կարելի է համարել հաջողության պատմություն՝ բազմակուսակցական ժողովրդավարությամբ»։

AFP գործակալությունը գրել է, որ Վրաստանի արևմտյան դաշնակիցներն ուշադիր հետևում են, թե արդյոք ռազմավարական կարևորության այս պետությունը, որն առանձնանում է որպես հետխորհրդային տարածքում ժողովրդավարության բացառիկ օրինակ, կարող է ամրապնդել իր նվաճումները չորս տարի առաջ տեղի ունեցած առաջին իշխանափոխությունից հետո։

Իսկ Financial Times-ը Վրաստանին անվանել է տարածաշրջանում ժողովրդավարության դրոշակակիր։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել