Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը

Հոկտեմբերի 10-ին Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստին փակ գաղտնի քվեարկությամբ, որն անցավ բավական թեժ մթնոլորտում, քաղաքապետ ընտրվեց իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանը, որը ստացավ 19 ձայն։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համար Քրիստ Մարուքյանը ստացավ 14 ձայն։

Այսպիսով, փաստորեն, ընդդիմադիր երեք ուժերի ստորագրած համագործակցության հուշագիրը կյանքի չկոչվեց։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի խոսքով՝ սա իրենց համար կանխատեսելի արդյունք էր, և իրենք պատրաստ էին նաև այս ելքին։

Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած քաղաքային իշխանությունների ընտրություններում առաջին տեղը զբաղեցրել էր ՀՀԿ-ն՝ ստանալով ձայների 37.6%-ը (13 մանդատ): «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը զբաղեցրել էր երկրորդ տեղը (27.5%, 10 մանդատ)։ Երրորդ տեղը զբաղեցրել էր «Հայկական վերածնունդը» (13.34%, 5 մանդատ), չորրորդը՝ «Բարգավաճ Հայաստանը» (7.25%, 3 մանդատ): Անցողիկ 6 տոկոս շեմը հաղթահարել էր նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը (6.36%, 2 մանդատ)։

Ընտրությունների հաջորդ օրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին առաջարկել էր միավորվել և միասին ձևավորել տեղական իշխանություն Վանաձոր քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնում։ «Ես տեսնում եմ բացառիկ հնարավորություն, որ մենք այս երեք ուժերով միասին ձևավորում ենք կոալիցիոն, գործընկերային բազմակուսակցական տեղական իշխանություն և սկսում ենք Վանաձոր քաղաքի համաչափ զարգացման ռազմավարական ծրագիր»,- ասել էր Մարուքյանը։

Հոկտեմբերի 8-ին «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ստորագրել էին համագործակցության հուշագիր, որով պարտավորվել էին Վանաձորի քաղաքապետի պաշտոնում պաշտպանել «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։

Լուսանկարը` «Ֆոտոլուրի»

Մեկնաբանել