Հայաստանում քաղաքական համակարգը տեռորի տակ է․ Էդմոն Մարուքյան

Սա մեզ համար կանխատեսելի արդյունք էր, մենք բնականաբար պատրաստ էինք նաև այս ելքին․ հոկտեմբերի 10-ին Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստին փակ գաղտնի քվեարկությամբ հանրապետական Մամիկոն Ասլանյանի ընտրվելուց հետո հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Նա ասել է, որ այս պահին հանգիստ են, քանի որ ապագայում, միևնույնն է, պարզվելու է, թե կուսակցություններից որ մեկն է քվեարկել այն կողմ։

Մարուքյանի խոսքով՝ նման ճանապարհով «հաղթանակը», «եթե դա կարելի է հաղթանակ կոչել», չի կարող դրական փոփոխությունների բերել, որովհետև «սա ընդդեմ մարդկանց սպասումների էր, ընդդեմ ձևավորված քաղաքական հուշագրի, և այս ամեն ինչն ունենալու է իր հետևանքները»։

«Եթե դու տեսնում ես էս կողմում 18-ն է, էս կողմում՝ 15-ը, դա նշանակում է, որ կոնկրետ գործողություններ են արդեն կատարվել այն կողմից ձայներ բերելու և քաղաքական պայմանավորվածությունները խախտելու համար»,- հայտարարել է Մարուքյանը՝ տեղեկացնելով, որ ամեն օր եղել են ճնշումներ, զանգեր, անգամ դատախազությունից մարդ է մոտեցել «Լուսավոր Հայաստան»-ի անդամներից մեկին՝ սպառնալով, որ բաց քվեարկելու դեպքում քրեական գործ կհարուցեն։

Էդմոն Մարուքյանը ժողովրդին խոստացել է, որ իրենց առաջ դրած խնդիրները լուծելու են։

Ելնելով անմեղության կանխավարկածից՝ Մարուքյանը ձեռնպահ է մնացել այս կամ այն քաղաքական ուժին մատնանշելուց՝ ասելով, որ առաջիկայում ամեն ինչ կպարզվի։

«Հիմա պետք է արձանագրել, որ Հայաստանում քաղաքական համակարգը տեռորի տակ է գտնվում»,- եզրափակել է կուսակցության առաջնորդը։

Այսօր Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստին փակ գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ընտրվեց իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանը, որը ստացավ 19 ձայն։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համար Քրիստ Մարուքյանը ստացավ 14 ձայն։

Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած քաղաքային իշխանությունների ընտրություններում առաջին տեղը զբաղեցրել էր ՀՀԿ-ն՝ ստանալով ձայների 37.6%-ը (13 մանդատ): «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը զբաղեցրել էր երկրորդ տեղը (27.5%, 10 մանդատ)։ Երրորդ տեղը զբաղեցրել էր «Հայկական վերածնունդը» (13.34%, 5 մանդատ), չորրորդը՝ «Բարգավաճ Հայաստանը» (7.25%, 3 մանդատ): Անցողիկ 6 տոկոս շեմը հաղթահարել էր նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը (6.36%, 2 մանդատ)։

Ընտրությունների հաջորդ օրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին առաջարկել էր միավորվել և միասին ձևավորել տեղական իշխանություն Վանաձոր քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնում։ «Ես տեսնում եմ բացառիկ հնարավորություն, որ մենք այս երեք ուժերով միասին ձևավորում ենք կոալիցիոն, գործընկերային բազմակուսակցական տեղական իշխանություն և սկսում ենք Վանաձոր քաղաքի համաչափ զարգացման ռազմավարական ծրագիր»,- ասել էր Մարուքյանը։

Հոկտեմբերի 8-ին «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ստորագրել էին համագործակցության հուշագիր, որով պարտավորվել էին Վանաձորի քաղաքապետի պաշտոնում պաշտպանել «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։

Մեկնաբանել