Մանդատագողություն Գյումրիում. պատմությունը կրկնվում է

Հոկտեմբերի 2-ին Գյումրիի ու Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո ուշագրավ քաղաքական իրավիճակ է ստեղծվել: Չնայած իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուները չեն պարտվել և ըստ ընտրությունների պաշտոնական արդյունքների՝ ստացած քվեների քանակով առաջին տեղում են, սակայն դա նրանց երկու քաղաքներում բացարձակ իշխանություն չերաշխավորեց:

Համենայնդեպս, ՀՀԿ-ն խիստ վիճահարույց հանգամանքներում կարողացավ իշխանությունը պահել Գյումրիում:

Գյումրիում «Բալասանյան դաշինքը» նախնական արդյունքներով ստացել է 34.75 տոկոս քվե: Եթե այդ թվին գումարում ենք նաև անցողիկ շեմը չհաղթահարած կուսակցությունների համամասնորեն բաշխված տոկոսները, ապա կրկին «Բալասանյան դաշինքի» ստացած տոկոսը, որն այդ դեպքում կազմում է ավելի քան 40 տոկոս, բավարար չէ ավագանու կազմում բացարձակ մեծամասնություն կազմելու համար:

Ըստ նախնական հաշավարկների՝ «Բալասանյան դաշինքը» Գյումրիի ավագանիում ստանում է 15 մանդատ, իսկ անցողիկ շեմը հաղթահարած մյուս երեք կուսակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը», «Հայկական վերածնունդը» և ԳԱԼԱ-ն, ունենում են 18 մանդատ: Սակայն ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ եթե որևէ ուժ ստանում է ավագանու մանդատների 40 տոկոսից ավելին, ապա այդ ուժին բոնուս է հասնում՝ բացարձակ մեծամասնություն ունենալու համար:

Ընտրական օրենսգրքի բացթողում է համարվում հանգամանքը, որ այն չի նախատեսում, թե այդ հավելյալ բոնուսային մանդատները որտեղից են վերցվելու՝ տվյալ քաղաքական ուժի համար բացարձակ մեծամասնություն ապահովելու համար: Օրենքը նախատեսում է, որ Գյումրիում ու Վանաձորում ավագանին ունենալու է 33 անդամ՝ ոչ ավել, ոչ պակաս:

Սակայն օրենքը կամայական մեկնաբանելով՝ ԿԸՀ հանձանաժողովը «Բալասանյան դաշինքին» նվիրեց 2 մանդատ, որոնք խլվեցին ԲՀԿ և «Հայկական վերածնունդ» կուսակցություններից:

Սրանով գործողության մեջ մտավ ԲՀԿ-ի, ՀՎ-ի ու ԳԱԼԱ կուսակցությունների՝ հոկտեմբերի 7-ին ստորագրած հայտարարությունը, որոնք իրադարձությունների վերոհիշյալ ընթացքի դեպքում հայտարարել էին, որ պատրաստվում են դատական ու քաղաքական ճանապարհով վիճարկել ԿԸՀ-ի կամայականությունը ու բոյկոտել Գյումրու ավագանու նիստերը:

Հաշվի առնելով հետընտրական քաղաքական պայքարի նախորդ փորձերը՝ կարելի է կանխատեսել, որ դատական կարգով կամ ավագանու նիստերը բոյկոտելով՝ հնարավոր չի լինելու «Բալասանյան դաշինքից» հետ վերադարձնել խլված մանդատները:

Սակայն ավագանու՝ ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող 16 անդամներով Սամվել Բալասանյանին հաճելի, հեշտ ու միանձնյա կառավարում չի սպասվում: Մի կողմից՝ նա քաղաքապետի աթոռի համար պարտական է կենտրոնական իշխանությանը ու պետք է հլու հնազանդ պատվերներ կատարի, մյուս կողմից՝ հրապարակային պետք է հաշվետվություն ներկայացնի ավագանու նիստերին:

Մյուս կողմից էլ ներկայում, ԿԸՀ-ի կամայականություններով հանդերձ, Գյումրու նորընտիր ավագանիում գյումրեցիների շահերը ներկայացնելու, գործող քաղաքապետին վերահսկելու լավ հնավորություն է ստեղծվել, ինչը պետք է օգտագործվի ընդդիմադիրների կողմից:

Հ.Գ․

Արդեն երկրորդ անգամն է, երբ Սամվել Բալասանյանը այլոց մանդատների հաշվին հաջողություն է գրանցում:

1999թ. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ Սամվել Բալասանյանը Գյումրիում պարտվեց Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Մարզպետունի Մարգարյանին: Սակայն ընտրությունների արդյունքները բողոքարկվեցին Սահմանադրական դատարանում, որը խիստ վիճելի որոշում կայացրեց՝ չեղյալ համարելով դրանք: Նշանակվեցին նոր ընտրություններ, որոնց ժամանակ էլ հաղթեց Սամվել Բալասանյանը: Մամուլում հրապարակումներ են եղել, որ պատգամավորական մանդատը Մարզպետունի Մարգարյանից խլելու համար Սամվել Բալասանյանը հսկայական գումարներ է ծախսել բազմաթիվ պաշտոնյաների լավություն անելու համար:

Ճակատագրի հեգնանքով Մարզպետունի Մարգարյանը 2016թ. համակարգում էր ԲՀԿ-ի նախընտրական շտաբը, որից ԿԸՀ հանձնաժողովը մանդատ խլեց Բալասանյանի համար: Իսկ Սամվել Բալասանյանի լիազոր ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում Հովհաննես Մարգարյանն էր, որը ներկայում «Հայակական վերածնունդ» կուսակցության ավագանու համամասնական ցուցակի առաջատարն էր․ նրանցից ևս Սամվել Բալասանյանի համար ԿԸՀ-ն մանդատ խլեց:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»

Մեկնաբանել