Բաքուն հայտարարում է, որ բանակցություններում բեկում չկա, իսկ «Իսկանդեր»-ները չեն փոխել ուժերի հավասարակշռությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է շփման գիծ, որտեղ ելույթ ունենալով զինվորական անձնակազմի առաջ՝ հայտարարել է, որ «չնայած Ադրբեջանի ջանքերին՝ չի հաջողվում բանակցություններում բեկման հասնել»։

Ինչպես հաղորդում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը, Հասանովը Հայաստանին մեղադրել է նրանում, որ փորձում է Ղարաբաղյան հակամարտության հարցը «հանել միջազգային օրակարգից»։

«Հակամարտությունը պետք է շուտափույթ լուծվի»,- ասել է Ադրբեջանի պաշտպնական գերատեսչության ղեկավարը։

Վերջինս նաև պնդել է, որ ադրբեջանական կողմը տիրապետում է «ողջ տեղեկատվությանը հայկական հրթիռների մարտավարական-տեխնիկական բնույթի մասին»՝ նկատի ունենալով սեպտեմբերի 21-ին Երևանում զորահանդեսի ժամանակ ցուցադրված «Իսկանդեր» համալիրները։

Ադբեջանի ՊՆ նախարարի կարծիքով՝ դա «չի փոխել տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունն ի օգուտ Հայաստանի»։

Շփման գծում ունեցած իր ելույթում Հասանովը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերն «ի վիճակի են խոցել այդ հրթիռները և ոչնչացնել հակառակորդի ռազմական ենթակառուցվածքները ցանկացած հեռավորության վրա»։

ԼՂ կարգավորման գործընթացի ներկայիս փուլի վերաբերյալ անցյալ շաբաթ դժգոհություն էր հայտնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Վերջինս հայտարարել էր, որ «փակ դռների հետևում Բաքվի վրա ճնշում է գործադրվում», որպեսզի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

«Մենք չենք բացահայտում բազմաթիվ մանրամասներ, քանի որ գոյություն ունեն դիվանագիտական կանոններ, սակայն Արևմուտքի, տարբեր ՀԿ-ների՝ Ադրբեջանին սևացնելու արշավի հիմքում ընկած է Ադրբեջանի վրա ճնշումը՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համաձայնություն կորզելու նպատակով»,- գանգատվել էր Ալիևը՝ հավելելով, որ իր երկիրը «չի համաձայնի դրան»։

Իլհամ Ալիևն «անարդար» էր որակել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այն հայտարարությանը, թե Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պատրաստ չեն ԼՂ հարցի լուծման։ Նա կարծիք էր հայտնել, որ երկու կողմերին հավասարապես մեղադրելով՝ ԱՄՆ-ը «սատարում է» Հայաստանին։ Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ իրենք «չեն ընդունում» նման հայտարարություն և «ակնկալում են, որ ամենամոտ ժամանակում ամենաբարձր մակարդակով դրանում ուղղումներ կմտցվեն», հակառակ դեպքում, Ալիևի պնդմամբ, «միջնորդական առաքելությունը կարող է հարցականի տակ հայտնվել»։

***
Սեպտեմբերի 21-ի անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ սպառազինությունների և ռազմական տեխնիկայի շարքում Հանրապետության հրապարակով անցան նաև «Իսկանդեր» համալիրներ: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ զորահանդեսին ցուցադրված ամբողջ սպառազինությունը, ներառյալ «Իսկանդեր»-ները, պատկանում են Հայաստանի զինված ուժերին: Համալիրի հեռահարությունը կազմում է 300 կմ:

Որոշ ժամանակ անց ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվեցին լուրեր, որոնց համաձայն, իբր, ի հակակշիռ «Իսկանդեր»-ների՝ Ադրբեջանը որոշել է ձեռք բերել «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգեր։ Մեկնաբանելով նման տեղեկությունները՝ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ «անհնար է՝ նման համակարգը հայտնվի Ադրբեջանում և անգամ հայտնվելու դեպքում ոչինչ անել չի կարող»։

«Երկաթե գմբեթը» մարտավարական հակահրթիռային համակարգ է, որը մշակել է իսրայելական Rafael ընկերությունը։ Համակարգն օգտագործվում է 4-70 կմ հեռահարության անկառավարելի բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար, որոնցով Իսրայելը մշտապես հրթիռակոծվում է Գազայի հատվածից։

Այս տարվա հունիս ամսվա դրությամբ, ինչպես գրել էր Defense News կայքը՝ վկայակոչելով իր կառավարական և արդյունաբերական աղբյուրները, «Երկաթե գմբեթ» համակարգը չէր վաճառվել և ոչ մի հաճախորդի, սակայն արտահանման ուղղությամբ աշխատանքներ տարվում են։

Մեկնաբանել