Հարբուխը, հնարավոր է, խոչընդոտի Նազարբաևի այցերը Բաքու և Երևան

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, հնարավոր է՝ չեղարկի հոկտեմբերի 12-ին Բաքու, իսկ հոկտեմբերի 13-ին Երևան նախատեսված իր այցերը։ Պատճառը, ըստ Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքի, Նազարբաևի հիվանդությունն է։

«Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այցը Ադրբեջան, որը նախատեսված էր հոկտեմբերի 12-ին, չեղյալ է հայտարարվել, նախագահը բուժում է ստանում»,- այսպիսի տեղեկություն է տարածել «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով իր աղբուրները։

Քաղաքագետների ու վերլուծաբանների դիտարկմամբ՝ առաջին անգամ է, որ Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում նախագահի առողջական վիճակի մասին հաղորդագրություն է հայտնվում։ Նման տեղեկության նպատակը, շատերի կարծիքով, այցերի չեղարկման համար հողի նախապատրաստումն է։

Մինչդեռ Բաքվում Ղազախստանի դեսպանությունից «Ռիա նովոստի» գործակալությանն ասել են, որ նախապատրաստվում են Նազարբաևի այցին և զարմանք հայտնել այցի չեղարկման վերաբերյալ լուրերի կապակցությամբ։

Այսօր՝ ավելի վաղ, ՀՀ նախագահականից ստացված պաշտոնական հաղորդագրության համաձայն Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 13-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջան։

Ղազախստանի բարձրաստիճան ղեկավարության կողմից երևանյան այցի չեղարկման մեկ այլ դեպք գրանցվել էր այս տարվա ապրլիլին, երբ այդ երկրի վարչապետ Քարիմ Մասիմովը հրաժարվել էր մասնակցել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների երևանյան հավաքին, որը տեղափոխվել էր Մոսկվա։

Մեկնաբանել