«Առէկսիմբանկը» կմիավորվի «Արդշինբանկի» հետ

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը ձեռք է բերել «Ռեգիոն» ֆինանսական արդյունաբերական կորպորացիան, որի միակ բաժնետերը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վերջնական շահառու և խորհրդի նախագահ, Ռուսաստանում հայտնի գործարար Կարեն Սաֆարյանն է։ Գործարքն ավարտվել է հոկտեմբերի 7-ին։

«Առէկսիմբանկի» և «Արդշինբանկի» տարածած համատեղ հաղորդագրության համաձայն՝ հաջորդ փուլով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և «Արդշինբանկ» ՓԲԸ-ն մտադրություն ունեն նախաձեռնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բանկերի միացման գործընթաց, ինչի արդյունքում նախատեսվում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ միացումը «Արդշինբանկ» ՓԲԸ-ին:

«Միացման արդյունքում ֆինանսական կառույցը կդառնա Հայաստանում ամենախոշոր բանկը՝ բանկային կապիտալի, ակտիվների և մասնաճյուղային ցանցի առումով ևս։ Միացումից հետո «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր կապիտալը կկազմի մոտ 74 միլիարդ դրամ, ակտիվները կհասնեն մոտ 540 միլիարդ դրամի, իսկ վաճառքի ցանցը բաղկացած կլինի թվով 72 ունիվերսալ մասնաճյուղերից:

Բանկերի միացումը վերջիններիս թույլ կտա լրացնել միմյանց՝ միավորելով ժամանակակից տեխնոլոգիաները, ծառայությունները և բարձրորակ մասնագետների ջանքերը։ Այս ամենը զգալիորեն կընդլայնի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հնարավորությունները՝ իր հաճախորդներին առավել լայն տեսականիով որակյալ բանկային ծառայություններ մատուցելու առումով՝ ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ բիզնեսի ոլորտում։ Այսպիսով, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն ավելի կամրացնի Հայաստանի բանկային համակարգում իր առաջատարի դիրքը և շուկայում կստանա մրցակցային նոր առավելություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այն, որ «Գազպրոմբանկը» վաճառել է Հայաստանում իր դուստր բանկի՝ «Առէկսիմբանկի» 100% բաժնետոմսերը, ավելի վաղ հաղորդել էին ռուսական լրատվամիջոցները։ «Ռիա նովոստի» գործակալությունը նշել էր, որ ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված բանկի գնորդը Հայաստանից ներդրողների մի խումբ է։