«Հալեպում հավատում են Ռուբեն Վարդանյանի խոստմանը և անհամբերությամբ սպասում դրա իրագործմանը»

Հալեպում բնակվող գործիչ, հրապարակախոս Մանուել Քեշիշյանը ՍիվիլՆեթին ներկայացրել է քաղաքի և հայ համայնքի իրավիճակը վերջին մի քանի օրերին։ Նա ասում է, որ Հալեպահայերը ամբողջությամբ հավատում են IDeA հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի խոստմանը և անհամբերությամբ սպասում դրա իրագործման մեկնարկին, մանավանդ՝ չունևոր մարդիկ, որոնք շատ են այսօր Հալեպում:

– Ինչպե՞ս է իրավիճակը Հալեպում։ Արդյոք մարտերը նույն ինտենսիվությամբ ընթանո՞ւմ են։

– Անցած շաբաթվա համեմատ՝ մարտերն այնքան էլ թեժ չեն: Նույնիսկ օդանավերն ավելի քիչ են ռմբակոծում: Պետք է ասել, սակայն, որ պետական զորքերը թեև դանդաղ, սակայն առաջանում են՝ արևմուտքից, հյուսիսից և հարավից: Կարծեք նրանք չեն էլ ուզում արագացնել, որպեսզի խուսափեն մե թվով զոհեր տալուց: Շրջափակելով՝ ուզում են ստիպել ընդդիմադիրներին անձնատուր լինել՝ նկատի առնելով, որ այստեղ զինյալների մեծ մասը տեղացիներ են, նրանց ընտանիքներն իրենց հետ են, և այս հանգամանքը կազդի նրանց անելիք քայլերի վրա: Այս ամենը, սակայն, ապահովության հաստատում չի նշանակում: Երեկ առավոտյան ժամը 5-ին Հայ Ավետարանական Բեթել վարժարանի դասարաններից մեկի վրա հրթիռ էր ընկել: Սակայն պետք է ընդունել, որ թիրախը աշակերտները չէին․ դա ապացուցում է հրթիռարձակման ժամը. դասերը մեզ մոտ առավոտյան 8-ին են սկսվում:

– Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը հրապարակեց Հայաստանից եկած մարդասիրական օգնության ժամանումը։ Ի՞նչ օգնություն է եկել, արյդոք այն արդեն ամբողջությամբ բաշխվե՞լ է։ Ովքե՞ր/ի՞նչ կառույցներ են իրականացնում օգնության բաշխումը։ Ինչպե՞ս են որոշվում շահառուները։

– Այս մասին չեմ կարող մանրամասն պատասխանել, որովհետև դեռ ամեն ինչ պարզ չէ, ինչքան որ ես գիտեմ, իսկ կիսատ իմացածներիս մասին թույլ տվեք չխոսեմ: Կասեմ այն, ինչ ճշգրիտ գիտեմ: Այո՛, հասել են բեռները, որի մեջ կա տաք հագուստ, ուտելիք, նույնիսկ խմելու ջուր, ծխախոտ: Հասած օգնությունները պահ են դրվել, հայկական Շտապ օգնության Կենտրոնական մարմնի մոտ։

Անշուշտ, օգնության բաշխումը կվերահսկի նաև Հայաստանի հյուպատոսությունը։ Բաշխումը հիմնականում կկատարվի Կենտրոնական մարմնի խողովակով՝ նաև խորհրդակցելով պետական կառույցների հետ: Դրանցից բաժին է հասնելու նաև ոչ միայն հայերին:

– Հայաստանում շատ է խոսվում Հալեպից հայերի տարհանման անհրաժեշտության մասին։ Օրերս այդ գործին ֆինանսապես աջակցելու պատրաստակամություն հայտնեց Ռուբեն Վարդանյանի IDeA հիմնադրամը։ Տեխնիկապես ինչպե՞ս է հնարավոր մարդկանց տարհանումը։ Արդյոք շա՞տ են ընտանիքները, որոնք ցանկանում են լքել Հալեպը։

– Չեք կարող պատկերացնել, թե մարդիկ Հալեպում ինչքան են ուրախ՝ տեսնելով, թե որքան է Հայաստանի ժողովուրդը մտահոգ մեր վիճակով: Հալեպը կարծես մի նոր Ապրիլյան պատերազմ լինի հայաստանցիների համար: Չեք պատկերացնի, թե ինչքան են հուզվում մարդիկ, երբ կարդում են, որ ասենք՝ աշտարակցի մի հայ պատրաստ է իր տան դռները բացել 5-6 հոգանոց հալեպահայ որևէ ընտանիքի առաջ: Սա է երևի ՄԵԿ ԱԶԳ հասկացությունը: Հալեպահայերը ամբողջությամբ հավատում են IDeA հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի խոստումին և անհամբերությամբ սպասում դրա իրագործման մեկնարկին, մանավանդ՝ չունևոր մարդիկ, որոնք շատ են այսօր Հալեպում: Տեխնիկապես շատ հեշտ է երկրից դուրս գալը. Հալեպ-Բեյրութ մի ճանապարհ կա, որ ամբողջությամբ պետական զորքերի վերահսկողության տակ է: Սա Հալեպը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է՝ նկատի առնելով նաև Դամասկոսը, Լաթաքիան Քեսաբը ևայն: Հեշտ է Հալեպից դուրս գալը, բայց իհարկե չենք պատկերացնում, թե ամբողջ գաղութն է պատրաստվում հեռանալ Հալեպից:

– Արդյոք շա՞տ են ընտանիքները, որոնք ցանկանում են լքել Հալեպը։

– Գիտե՞ք այնքան դժվար է այս հարցին պատասխանել: Քաղաքում մնացած 8-10 հազար հայերի կեսից ավելին հավանաբար ուզում է մնալ Հալեպում: Մնացածը պատրաստ է ուր ասես գնալ, միայն դուրս գալ այս դժոխքից, միայն երեխաներին փրկել այս անդիմանալի դարձած սիրելի-ատելի քաղաքից: Մարտերի թեժանալու հետ ավելանում է հեռանալ ցանկացողների թիվը: Մյուս կողմից, ոմանք սկսել են հավատալ, թե շուտով ամբողջ Հալեպի վրա իշխելու է պետությունը: Սակայն նույնիսկ դա չի հանգստացնում հալեպահայերին․ շատերը կարծում են, որ այլևս անհնար է Հալեպում ապրել, քիչ չէ թիվը նրանց, ովքեր համոզված են, որ մենք ապագայում տեղ չունենք այս քաղաքում, որտեղ շատերի համար ատելի ենք դարձել, որովհետև մեզ համարում են ամբողջապես պետության կողմնակից, կարծում են, թե մենք չենք տխրում, երբ օդանավերը ռմբակոծում են արևելյան Հալեպը, որի այսօրվա բնակիչները վաղվա մեր հարևաններն են լինելու, համաքաղաքացիները: Նրանցից ոմանք համոզված են, որ մենք չենք ցավում երբ իրենց երեխեքը սպանվում են: Պատերազմը նաև մարդկանց հոգին է խաթարում, նախկին սիրո փոխարեն ատելությունն է մարդկանց հոգիներին տիրում:

Մի բան ասեմ, ճի՛շտ հասկացեք մեզ՝ այստեղ մնալ ուզողներիս՝ թողեք փորձենք պահել գաղութը: Մյուս խնդրանքս, եթե կարող եք, շուտ տարե՛ք գնալ ուզողներին, որքան կարող եք՝ շուտ, որքան կարող եք՝ Հայաստան, և օգնեք նրանց տեր մնալ իրենց արժանապատվությանը: Չէ՞ որ ինքը՝ հալեպահայը, միշտ բարձր է պահել բոլոր հայերի արժանապատվությունը…

Մեկնաբանել