«Երկրի ներսում քաղաքական սուր հարցեր չկան, սուր խնդիրները կապված են հարևան երկրների հետ»

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական ծառայությունը Նյու Յորքում կայացած «Հայաստան՝ դարպաս դեպի մեծ շուկաներ» ներդրումային համաժողովի շրջանակում զրուցել է Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ։

Հայաստանն օտարերկրյա ներդրողներին կարող է շահավետ պայմաններ առաջարկել, ասել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունների կարծիքով, երկրի ներսում չկան լուրջ քաղաքական խնդիրներ, և «Սասնա ծռերի» գործողությունները մարգինալ խմբի գործողություններ էին: Անդրադառնալով Հայաստանի ներդրումային գրավչությանը՝ Վաչե Գաբրիելյանը նշել է.

«Մենք բոլոր ներդրողներին հնարավորություն ենք տալիս ոչ միայն աշխատել Հայաստանում, այլև մեր միջոցով մուտք գործել խոշոր շուկաներ»:

Երկրի ներսում փոխվարչապետը հեռանկարային է համարում գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները.

«Մեզ մոտ շատ է զարգացած միկրոէլեկտրոնիկան, տեղեկատվական տոխնոլոգիաների ոլորտը: Մեր երկիրն ունի զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ, ունենք գյուղատնտեսության ոլորտ, որը դեռևս կարող է մի քանի անգամ աճել»:

Վաչե Գաբրիելյանի խոսքով Հայաստանի տնտեսության մեջ ներդրում կատարողները կարող են մուտք գործել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի շուկաներ, ինչպես նաև օգտվել առավելություններից, որոնք ընձեռում են ազատ առևտրի մասին հայ-վրացական և հայ-ուկրաինական պայմանագրերը և ազատ մուտքն Իրան:

Ձեռքբերումների թվում փոխվարչապետը նշում է Հայաստանի մակրոտնտեսական կայունությունը, իսկ մարտահրավերների թվում՝ ղարաբաղյան հակամարտությունն ու տարածաշրջանային անկայունությունը.

«Անշուշտ, դա ազդում է տնտեսական զարգացման վրա, սակայն դրանք անհաղթահարելի ուժեր չեն և հակամարտության խաղաղ կարգավորմանը ձգտելով հանդերձ՝ մենք պատրաստ ենք մեզ պաշտպանել և զարգանալ»:

Փոխվարչապետն ընդգծել է, որ երկրի ներսում չկան սուր քաղաքական խնդիրներ.

«Մեր բոլոր հակամարտությունները տարածաշրջանային են: Երկրի ներսում քաղաքական սուր հարցեր չկան: Մենք ունենք հասարակություն, որում առկա են բազմաթիվ զարգացումներ, որտեղ պաշտպանվում է խոսքի ազատության իրավունքը, մեր սուր խնդիրները կապված են հարևան երկրների հետ»:

Անդրադառնալով «Սասնա ծռերի» գործողություններին, Վաչե Գաբրիելյանն ընդգծել է, որ դրանք, ինչպես և «Հիմնադիր խորհրդարանը», մարգինալ խմբեր են, որոնք նույնիսկ ընդդիմության տեսակետը չէին ներկայացնում.

«Մեզ անհանգստացնում է այն արձագանքը, որը նրանք գտան հասարակության մեջ: Անշուշտ, այս կապակցությամբ նշեմ, որ կառավարությունը փոփոխվում է, և մենք փորձում ենք արձագանքել հասարակության պահանջներին, հասկանալ հուզմունքի բնույթը, եթե դա դուք հուզմունք եք համարում: Սակայն, իրականում դա հուզմունք չէ, դա զգացմունքային է, քանի որ քաղաքական նկատառումներ չկային»:

Վաչե Գաբրիելյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները փոխվում են՝ հասարակության հետ ներդաշնակ մնալու համար.

«Ամռանը Հայաստանում տեղ գտած իրադարձությունների հետևում կանգնած էին մարգինալ ուժեր, «Հիմնադիր խորհրդարանը» մարգինալ է, նրանք առաջատար ընդդիմադիր խումբ չեն, և այդ իսկ պատճառով հավատացած եմ, որ լուրջ հետևանքներ այդ կապակցությամբ չկան»:

Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանում ամեն ինչ արվում է օրենքին համապատասխան.

«Մեր ոստիկանությունն ու իրավապահները գործում են օրենքի սահմանների մեջ և անում են ամեն ինչ անազատության մեջ հայտնված անձանց առողջությանը չվնասելու համար»:

Մեկնաբանել