Ամերիկյան համալսարանի բնապահպանական կենտրոնի տնօրենը՝ բնապահպանության նախարարի ավագ խորհրդատու

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» տնօրեն Ալեն Ամիրխանյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի ավագ խորհրդատու։

2016թ. հոկտեմբերի 5-ի հրամանի համաձայն՝ Ամիրխանյանի խորհրդատվական աշխատանքները կներառեն շրջակա միջավայրի ռազմավարության, միջազգային համագործակցության և միջգերատեսչական հարաբերություններին առնչվող հարցեր:

Ինչպես հաղորդում է «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» ֆեյսբուքյան էջը, Ալեն Ամիրխանյանն իր խորհրդատվական պարտականությունները կկատարի հասարակական հիմունքներով և կշարունակի վարչական և ակադեմիական աշխատանքը ՀԱՀ-ում:

Ալեն Ամիրխանյանը ՀԱՀ «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» տնօրեն է 2013-ից ի վեր: 2014թ. նա առաջ է մղել ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի հիմնումը և այժմ հանդիսանում է կենտրոնի տնօրենի պաշտոնակատար: Դասավանդում է բնապահպանության վերաբերյալ առարկաներ ՀԱՀ-ի մագիստրոսական և բակալավրի ծրագրերում:

Սեպտեմբերի վերջին ՀՀ բնապահպանության նախարար է նշանակվել Արծվիկ Մինասյանը։