«Լուսավոր Հայաստան»-ը բացահայտել է ավագանու իր անդամին ահաբեկած «ՀՀԿ-ի դատախազ»-ին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ բացահայտվել է Վանաձորի ավագանու նիստում որպես դատախազ ներկայացած և ավագանու իր անդամին ահաբեկած անձնավորությունը։

«Լուսավոր Հայաստան»-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 10-ին Վանաձորի ավագանու նիստի ժամանակ Ասրյան ազգանունով մի քաղաքացի մոտեցել էր «Լուսավոր Հայաստանի» ավագանու անդամ Միհրան Քոչարյանին և ներկայանալով որպես դատախազության ներկայացուցիչ՝ սպառնացել վերջինիս: ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի ուշ հերքել էր այս տեղեկատվությունը՝ նշելով, որ նման ազգանունով դատախազ չի աշխատում Լոռու մարզի դատախազությունում:

«Մեզ հաջողվել է բացահայտել հիշյալ անձի ինքնությունը: Վերջինս Արսեն Ասրյան անուն ազգանունով մի քաղաքացի է, որը նիստի ընթացքում մոտեցել է Միհրան Քոչարյանին և հարցրել՝ արդյոք նա բաց է քվեարկել: Դրական պատասխան ստանալուց հետո, Ասրյանը ասել է Քոչարյանին. «…դու ինձ լիքը հարցերի պետք ա պատասխանես, կգաս իմ կաբինետ կպատասխանես, մենք դեռ երկար բաներ ունենք իրար հետ խոսալու»: Ի պատասխան՝ Միհրան Քոչարյանը հարցրել է Ասրյանին, թե արդյոք նա դատախազությունից է, և ինքը պետք է դատախազությո՞ւն ներկայանա, ինչին Արսեն Ասրյանը պատասխանել է՝ այո:

Արսեն Ասրյանի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ նա Հանրապետական կուսակցության և Մամիկոն Ասլանյանի համակիրն է: Ակնհայտ է, որ Վանաձորի ավագանու նիստի ժամանակ Ասրյանի գործողությունները միտված են եղել ահաբեկելու «Լուսավոր Հայաստան» կուսակցության ավագանու անդամին, ինչը լիովին համահունչ է Հանրապետական կուսակցության ձեռագրին: Ահա այսպիսի ահաբեկչական մեթոդներով ՀՀԿ-ն Վանաձորում տարավ իր կեղծ հաղթանակը և բացեց Վանաձորի նոր էջը, որը ոչնչով չի տարբերվում հնից»,- ասված է «Լուսավոր Հայաստանի» հաղորդագրության մեջ։

Վանաձորում քաղաքապետի ընտրությունների մասին

Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած քաղաքային իշխանությունների ընտրություններում առաջին տեղը զբաղեցրել էր ՀՀԿ-ն՝ ստանալով 13 մանդատ: Երկրորդ տեղը զբաղեցրել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (10 մանդատ), երրորդ տեղը՝ «Հայկական վերածնունդը» (5 մանդատ), չորրորդը՝ «Բարգավաճ Հայաստանը» (3 մանդատ): Անցողիկ 6 տոկոս շեմը հաղթահարել էր նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը (2 մանդատ)։

Հոկտեմբերի 8-ին «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ստորագրել էին համագործակցության հուշագիր, որով պարտավորվել էին Վանաձորի քաղաքապետի պաշտոնում պաշտպանել «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։

Ստորագրված հուշագիրը, սակայն, կյանքի չկոչվեց։ Հոկտեմբերի 10-ին Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստին փակ գաղտնի քվեարկությամբ, որն անցավ բավական թեժ մթնոլորտում, քաղաքապետ ընտրվեց իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ ստանալով 19 ձայն։

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ սա կանխատեսելի արդյունք էր, և իրենք պատրաստ էինք նաև այս ելքին։

Ավելի ուշ՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ բանավեճի ընթացքում, Մարուքյանն ասել էր․ «Թող ձեր կուսակիցներն ասեն, թե ինչ են արել, որ այդ մարդիկ հուշագիր ստորագրելուց հետո գնացել են և իրենց օգտին քվեարկել: Կարո՞ղ է մեկի երեխային են առևանգել, կարո՞ղ է մեկին 50 հազար դոլար կաշառք եք տվել, կարո՞ղ է մեկի դեմ քրեական գործ են հարուցել»:

Ի պատասխան՝ Աշոտյանն ասել էր. «Իրավաբան մարդ եք, փաստեր ունե՞ք»:

Մեկնաբանել