Դեռ չեմ կարող ասել՝ գազը և հոսանքը որքան կարող են էժանանալ անապահով խավի համար․ նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առայժմ չի կարող ասել, թե գազի և էլեկտրաէներգիայի սակագները անապահով խավի համար որքանով կարող են նվազել․ այս մասին նախարարն ասաց կառավարության հոկտեմբերի 13-ի նիստից հետո՝ պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին։

«Այդ խնդիրը չի կարող այս պահին պատասխան ունենալ»,- ասաց Արտեմ Ասատրյանը։

Նրա խոսքով՝ առաջիկա մեկ ամսում կառավարությունն արդեն կունենա հստակեցված մոտեցումներ։ «Անապահովության գնահատման համակարգում հաշվառված են 131 հազար ընտանիքներ»,- նշեց նախարարը։

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը մոտ մեկ ամիս առաջ՝ կառավարության առաջին նիստում, էներգետիկայի և բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին հանձնարարել էր համատեղ քննարկել ու առաջարկություններ ներկայացնել անապահով խավերի համար գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին։ «Խոսքն ինչին է վերաբերում․ մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական: Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար»,- ասել էր վարչապետը։

2016թ․ հուլիսի 1-ից՝ ամսական մինչև 10 հազ. խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը կազմում է 146 հազ. 700 դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խմ գազի համար` նախկին 156 հազ. դրամի փոխարեն:

Այս տարվա օգոստոսի 1-ից 2.58 դրամով նվազել է նաև էլեկտրաէներգիայի սակագինը։ Բնակչության համար ցերեկային սակագինը դարձել է 46.2 դրամ/կՎտժ՝ նախկին 48.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն։ Գիշերային սակագինը սահմանվել է 36.2 դրամ/կՎտժ՝ նախկին 38.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն:

Մեկնաբանել