Անին, Արարատը, Կողբը, Կարսը, Նախիջևանը. ինչպես կորցրեցինք

1921-ի այս օրը՝ հոկտեմբերի 13-ին, Կարսում ստորագրվեց պայմանագիր մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից Խորհրդային Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի մասնակցությամբ, որով ամրագրվեց նաև պետական սահմանը Հայաստանի և Թուրքիայի միջև: Այդ սահմանը անփոփոխ մնում է մինչև այսօր:

Կարսի բանակցությունների ընթացքում, որոնք սկսվել էին 1921-ի սեպտեմբերի 26-ին, հայկական պատվիրակությունը փորձել է հասնել նրան, որ Հայաստան-Թուրքիա սահմաններում որոշ փոփոխություններ կատարվեն, մասնավորապես՝ Անիի ավերակներն ու Կողբի (այսօր՝ Թուզլուջա) աղի հանքերը անցնեն Հայաստանին:

Սեպտեմբերի 27-ին՝ խորհրդաժողովի երկրորդ նիստում, ռուս պատվիրակ Յակով Գանեցկին ներկայացնում է երկու սահմանային պահանջ. «Անին հայերի համար ունի պատմական ու գիտական մեծ արժեք»,- թուրքական պատվիրակության ղեկավար Քյազիմ Կարաբեքիրին բացատրում է Գանեցկին և ապա. «Կողբն իր աղի հանքերով ունի համակովկասյան նշանակություն»:

Կարաբեքիրը, սակայն, անդրդվելի էր: Նա ասում է, որ իր պատվիրակությունը որևէ իրավասություն չունի Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի բոլշևիկ-քեմալական պայմանագրով գծած սահմանների մեջ փոփոխություն կատարել և դրա համար պետք է հրահանգ ստանա Անկարայից: Կարաբեքիրը սպառնում է դադարեցնել խորհրդաժողովը, որին ի պատասխան Գանեցկին առաջարկում է շարունակել աշխատանքները այլ հարցերի շուրջ մինչև Անկարայից ստացվի համապատասխան հրահանգ:

Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը թուրքերին հանձնելու անարդարությունը Խորհրդային Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ Մռավյանին ու Բեկզադյանին ստիպել է նամակներով ու հեռագրերով Լենինին, Ստալինին և Չիչերինին դիմել դեռ 1921թ. մարտի 16-ի պայմանագրի նախօրեին:

Մռավյանը Լենինին գրել է. «Ես համարում եմ, որ Անի քաղաքն իր հուշարձաններով` հայ ժողովրդի համար ունենալով ազգային-պատմական նշանակություն, և մինչև Կարս շրջակա տարածքները, որոնք այնքան կարևոր են Ալեքսանդրապոլի երկաթուղու պաշտպանության համար, պետք է մտնեն Խորհրդային Հայաստանի կազմի մեջ»:

Պատասխան հեռագրում Լենինը գրել է, որ «հեղափոխության և երիտասարդ Խորհրդային պետության շահերը մեկ անգամ չէ, որ պահանջել են գնալու նման զոհաբերությունների, բայց դա ժամանակավոր է, և անհրաժեշտ է թուրքերի հետ համաձայնություն կնքել»:

1921թ. հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագրի 5-րդ կետով Երևանի նահանգի Նախիջևանի մարզը ինքնավար տարածքի կարգավիճակով դրվեց Ադրբեջանի «խնամակալության ներքո»: Թուրքիան Վրաստանին զիջեց Բաթում քաղաքն ու Սև ծովի աջարական հատվածը, սակայն դրա դիմաց ստացավ Սուրմալուի գավառը, Կարսի մարզն ու Արդահանի և Արդվինի շրջանները (վերջին երեքի նկատմամբ հավակնություններ ուներ նաև Վրաստանը):

Այսպիսով, թուրքերը և ռուսները տարածքների պարզ փոխանակություն կատարեցին: Ամենաանարդարն այն էր, որ պատմության ընթացքում Սուրմալուի գավառը Արարատ սարով (այսօր՝ Իգդիրը մարզը) երբեք մաս չէր կազմել Օսմանյան կայսրության և անգամ 1920 թվականի Ազգային ուխտով այն չէր համարվել թուրքական տարածք:

1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Կարաբեքիրի ու Ալեքսանդր Խատիսյանի ստորագրած Ալեքսանդրապոլի դաշնագիրը թեև ասում էր, որ «Կարսի նահանգը և Սուրմալուն համարվում են վիճելի մինչև երեք տարի, որի ընթացքում հայոց կառավարությունը կարող է հայտարարել հանրաքվե` որոշելու այդ նահանգների վերջնական բախտը», սակայն ինչպես Կարսի և Սուրմալուի, այնպես էլ Նախիջևանի ճակատագիրը կանխորոշել էր 1921թ. մարտի 16-ի պայմանագիրը:

Պետք է ընդգծենք, որ ինչպես Կարսի մարզը, այնպես էլ Նախիջևանը Հայաստանի Առաջին Հանրապետության մաս էին կազմել շնորհիվ անգլիացիների, որոնք 1919-ին տեր ու տնօրենն էին Անդրկովկասում: Հենց անգլիացիներն էին, որ 1919-ի մայիսին Նախիջևանը և Կարսը դրեցին հայկական ուժերի վերահսկողության տակ: Նախիջևանը, որտեղ մնացել էր 20 տոկոսից էլ պակաս հայ բնակչություն, ընդամենը երկու ամիս մնաց Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում: Կարսը մենք կարողացանք ավելի երկար պահել. այն ընկավ 1920-ի հոկտեմբերի 30-ին: Անգլիացիները Նախիջևանի ու Կարսի հարցում օգնել էին հայերին, սակայն շարունակում էին պնդել, որ փոխարենը հայերը պետք է հրաժարվեն Ղարաբաղ-Զանգեզուրից:

Իսկ ինչպե՞ս Ամասիայի շրջանը մնաց Հայաստանի կազմում՝ հաշվի առնելով, որ այն Կարսի մարզի մեջ էին մտնում՝ Աղբաբայի շրջանը:

Այս տարածքը՝ Հայաստանի ծայր հյուսիս-արևմուտքը, 1920-ին Հայաստանի Առաջին Հանրապետության, ապա և Խորհրդային Հայաստանի մաս է կազմել ուշագրավ հանգամանքների բերումով: Ինչպես իրենց հուշերում գրել են 1920-ի նոյեմբերից Ալեքսանդրապոլում թուրքերի՝ Քյազիմ Կարաբեքիրի հետ բանակցություններ վարող հայ պատվիրակները, թուրքերը մտադիր էին նաև տիրանալ Աղբաբային:

Թուրքերը, սակայն, Աղբաբայի շրջանը՝ շուրջ 1000 քառակուսի կիլոմետր տարածք, զիջեցին հայերին: Այդ «զիջումը» բացատրվում էր ոչ միայն հանուն «հայ-թուրքական բարեկամության» ապագայով, այլ նրանով, որ ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները արդեն պայմանավորվել էին, որ Սուրմալուն կանցնի թուրքերին, որի դիմաց թուրքերը պետք է հրաժարվեին Բաթումի շրջանից՝ հօգուտ ապագա Խորհրդային Վրաստանի: Բայց քանի որ Սուրմալուն տարածքով ավելի մեծ էր Բաթումի շրջանից, ապա այդ տարբերությունը լրացնելու համար թուրքերը զիջեցին Աղբաբան:

Մեկնաբանել