Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության հոկտեմբերի 13-ի նիստին կրթության, սպորտի և սոցիալական պաշտպանության ոլորտներին առնչվող մի շարք հանձարարականներ է տվել։
Կրթության և գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին վարչապետը հանձնարարել է 7-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ: «Ինչի մասին է խոսքը՝ մայր ու աղջիկ աշխատում են նույն դպրոցում: Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, սակայն պետք է տարբերակել՝ որտեղ է այն օբյեկտիվ, որտեղ՝ սուբյեկտիվ»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Հանձնարարվել է նաև գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում ապահովել շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապի իրականացումը՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ: «Ունենք «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ, որն ապահովել է կամուրջներ և կապեր բոլոր դպրոցների հետ: Ցավոք սրտի, այս պահին այդ հնարավորությունները էֆեկտիվ չենք օգտագործում: Կառավարության ծրագրի մեջ հստակ ձևակերպել ենք, որ բոլոր համայնքների դպրոցներն այդ հնարավորությունն ունենան. որտեղ ուսուցիչների պակաս կա՝ հնարավորություն տալ երեխաներին այդ դասընթացներն իրականացնել: Կարծում եմ՝ ճիշտ բան ենք անում, լավ բան ենք անում և հետևողական ենք լինելու»,- ասել է վարչապետը:
Խոսելով սոցիալական պաշտպանության ոլորտի ծառայությունների մասին՝ նա նշել է, որ դրանք պետք է դարձնել ավելի հասանելի։ Վարչապետը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու հնարավորության վերաբերյալ, համապատասխան աշխատանքներ տանել և հնարավորություն ընձեռել, որպեսզի կենսաթոշակ և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից, վերլուծել կենսաթոշակ և նպաստ նշանակելու գործընթացները և առաջարկություններ ներկայացնել դրանք օպտիմալացնելու ուղղությամբ:
Սպորտի ոլորտի հետ կապված հանձնարարվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին 10-օրյա ժամկետում ուսումնասիրել մարզական հասարակական կազմակերպություններին մարզական բնույթի միջոցառումներ կազմակերպելու, պարգևատրումներ կատարելու համար պետական բյուջեի միջոցներից հատկացվող գումարների ծախսման արդյունավետությունը, ընդհանրապես դրանց հիմնավորվածությունը և կրճատել անարդյունավետ ու չհիմնավորված ծախսերը: Կրճատման արդյունքում խնայված միջոցները սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանն ուղղելու նպատակով ներկայացնել միջոցառումների ծրագիր և գումարներն ըստ այդ միջոցառումների վերաբաշխելու վերաբերյալ առաջարկություններ: «Կարծում եմ, որ հասկանալի է՝ մասսայական սպորտը, առողջ ապրելակերպը մեր առօրյա կյանքում անընդհատ պետք է զգանք, որ ամեն օր այդ ուղղությամբ քայլ ենք կատարել: Ամպագոռգոռ բառեր չեմ ուզում ասել, եթե պետք է նույնիսկ ազգային ծրագիր կներկայացնենք, որպեսզի դա դառնա մեր կյանքի ապրելաոճ»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Նա առաջարկել է նաև բոլոր գերատեսչությունների ղեկավարներին մամուլի հետ աշխատել առավելագույնս բաց և թափանցիկ՝ պարբերաբար հասարակությանը տեղեկացնելով կատարված աշխատանքների մասին: