ԼՂ կարգավորման տարբերակներ և առաջարկներ են քննարկվում, «լավատեսության հիմքեր չեն նկատվում»․ Պուտինի օգնական

Մոսկվան առանձնապես լավատես չէ Լեռնային Ղարաբաղի խնդրի՝ մոտ ապագայում լուծման հարցում․ երեկ այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Չէի ասի, որ մոտ ապագայում այդ հակամարտության լուծման հարցում մեծ լավատեսություն ունենք։ Սակայն, բնականաբար, կշարունակենք վճռական աշխատանքը և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ»,- «Իզվեստիա» թերթի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Ուշակովը։

ՌԴ նախագահի օգնականը, սակայն, հրաժարվել է բացահայտել բանակցությունների «խոհանոցը»՝ ասելով, որ քննարկվում են բազմաթիվ տարբերակներ և առաջարկներ։

Յուրի Ուշակովը վերահաստատել է, որ, այդուհանդերձ, լավատեսության հիմքեր չեն նկատվում։

Վերջին շաբաթներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլի առնչությամբ բավական հոռետեսական հայտարարություններ են հնչում ոչ միայն Մոսկվայից, այլև Վաշինգտոնից և Բաքվից։
Վերջերս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն այն հակամարտություններից է, որոնց կարգավորումը տեսանելի չէ, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստ չեն դրան:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հակամարտության չկարգավորված լինելու մեջ հերթական անգամ մեղադրել էր Հայաստանին՝ ասելով, որ նա «մեծ հովանավորներ ունի», և «փակ դռների հետևում Բաքվի վրա ճնշում է գործադրվում, որպեսզի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։

Դրան հետևել է Ադբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունը հակամարտությունում բեկման բացակայության մասին։

Մեկնաբանել