Հոկտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որը նախագահել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, համատեղ նիստը մեկնարկել է նեղ կազմով, ապա շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Բացելով հանդիպումը` Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. «Հայաստանը մշտապես ակտիվ և նախաձեռնող է եղել կազմակերպության շրջանակներում փոխգործակցության կատարելագործման, անդամ պետությունների միջև համագործակցության սերտացման, արտաքին քաղաքականության համադրման մեխանիզմների զարգացման, պաշտպանական բնագավառում փոխգործակցության խթանման, միջազգային ասպարեզում նրա դերակատարության բարձրացման առումով։ Կազմակերպության նախագահության շրջանակներում մենք շարունակեցինք հետևողական քայլերը վերոհիշյալ ուղղություններով»:
Նա ներկայացրել է ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ մինչ օրս Բաքուն հրաժարվում է կյանքի կոչել դրանք:
Նալբանդյանն անդրադարձել է սիրիական ճգնաժամին և իրավիճակի կայունացման ուղղությամբ անհապաղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությանը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարին և միգրացիոն ճգնաժամին։
Նիստին անդրադարձ է կատարվել նաև Աֆղանստանում տիրող իրավիճակին, ընդգծվել է այդ երկրում ահաբեկչության աճի սպառնալիքը Կենտրոնական Ասիայի պետությունների անվտանգության համար:
Համատեղ նիստին անդրադարձ է արվել կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքներին, քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների միջև միջազգային տարբեր ձևաչափերում համագործակցության ակտիվացումը, 2016-2017 թթ. քաղաքական, պաշտպանական և անվտանգության հարցերով խորհրդակցությունների անցկացման ժամանակացույցը:
Նախարարական համատեղ նիստին հավանություն է տրվել հոկտեմբերի 14-ի օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացվելիք «Մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության», Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի եզրափակիչ հայտարարությանը, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ» հայտարարությանը, Հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ հայտարարությանը և այլն։ Ընդհանուր առմամբ համատեղ նիստին ստորագվել է շուրջ երեք տասնյակ փաստաթուղթ։
Նիստի ավարտին ՀԱՊԿ կանոնադրական մարմիններում նախագահությունը փոխանցվել է Բելառուսին։