Վարդենիսցիները փակել էին ավտոմայրուղին․ պատճառը կարտոֆիլն էր

Հոկտեմբերի 14-ին Վարդենիսի բնակիչները որոշ ժամանակով փակել էին դեպի Քարվաճառ տանող մայրուղին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում Վարդենիսից ուղիղ հեռարձակմամբ տեղեկացնում էր Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Խնդիրը կապված է կարտոֆիլի մատակարարումների հետ։ Փաշինյանը նշեց, որ վարդենիսցիների պնդմամբ՝ կարտոֆիլի գինը սովորաբար ձևավորվում է պաշտպանության նախարարության կողմից արվող գնումների գնի տիրույթում, այսինքն՝ բազային գին է ընդունվում դա։ Եվ այս տարի պաշտպանության նախարարությունը, ինչպես պնդում են վարդենիսցիները, աննախադեպ կամ ոչ ձեռնտու ցածր գնով է իրականացնում գնումները, մասնավորապես 35-40 դրամով, ինչի արդյունքում կարտոֆիլի շուկայում գների անկում է տեղի ունեցել։

Վարդենիսցիները պնդում են, որ պաշտպանության նախարարությունը նվազագույնը պետք է սահմանի 55-60 դրամ գնման գին, որպեսզի շուկան կարգավորվի, և մարդիկ կարողանան թեկուզ նվազագույն շահույթ ունենալ։

Փաշինյանն ասաց, որ հեռախոսազրույց է ունեցել գյուղատնտեսության նախարարի հետ։ Վերջինս խոստացել է, որ հաջորդ շաբաթ անպայման կայցելի Գեղարքունիքի մարզ և հարցը կքննարկի կարտոֆիլ աճեցնող գյուղացիների հետ, ինչպես նաև քննարկում կունենա պաշտպանության նախարարի հետ։

Պատգամավորը խոստացել է վարդենիսցիներին հարցը հնարավորինս բարձրացնել և՛ Ազգային ժողովում, և՛ կառավարության ներկայացուցիչների առջև։

Վարդենիսցիներն այսքանով իրենց այսօրվա ակցիայի խնդիրը համարել են լուծված և բացել են ճանապարհը։

Մեկնաբանել