Ֆրանսիայի Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը․ Հայաստանը ոջունում է

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Ֆրանսիայի Սենատի կողմից դեռ ամռանը Ազգային ժողովում հաստատված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:

«Այս քայլով Ֆրանսիան կրկին անգամ վերահաստատում է իր արժեքավոր դերակատարումը անցյալում իրականացված ցեղասպանությունների դատապարտման և ժխտողականության դեմ պայքարի, ինչպես նաև՝ մարդկության դեմ հնարավոր նոր ոճիրների կանխարգելման գործում»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունել է այսօր՝ ավելի վաղ։ Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր:

Ֆրանսիայի Ազգային ժողովն օրինագիծը միաձայն ընդունել էր այս տարվա հուլիսի 2-ին։

Օրինագիծը կոչվում է «Հավասարություն և քաղաքացիություն»: Դրա համաձայն՝ ցեղասպանությունները հերքելու համար սահմանվում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Ֆրանսիայի կողմից ճանաչված բոլոր ցեղսպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների հերքումը ընկնում է այս օրենքի տակ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դեռ ընտրարշավի ժամանակ խոստացել էր նման օրենք ընդունել, երբ 2012թ. փետրվարին Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների հավանությանն արժանացած նմանատիպ օրենքը՝ խոսքի ազատությանը խոչընդոտելու հիմնավորմամբ։ Մինչ այժմ Ֆրանսիայում քրեական պատիժ էր սահմանված միայն Հոլոքոսթի ժխտման համար։

Մեկնաբանել