IDeA-ն սիրիահայերին հատկացնում է $250 000 և սկսում դրամահավաք

Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը սիրահայերին աջակցելու համար տրամադրում է 250 հազ․ դոլար և սկսում է դրամահավաքի արշավ։

«Քանի դեռ Սիրիայում հակամարտությունը շարունակվում է, այնտեղ ապրող հայերի իրադրությունը բարդանում է՝ տարաբնույթ գործընթացների, դիրքորոշումների և շահերի պատճառով: Մենք մեր հայրենակիցների փրկությունը համարում ենք բացարձակ առաջնահերթություն: Միևնույն ժամանակ, մենք հարգում ենք ապագայի վերաբերյալ սեփական որոշումներ կայացնելու սիրիահայերի իրավունքը:

IDeA հիմնադրամը միանում է պետական, հանրային և միջազգային մակարդակներում ձեռնարկված ջանքերին՝ այս փուլում հատկացնելով $250 000: Այն կբաշխվի հակամարտության ամենասկզբից օգնության ջանքեր ծավալած ռազմավարական գործընկեր Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Հայաստանում սիրիահայերին ուղղված նախագծեր իրականացնող «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը (Mission Armenia), «Հալէպ» բարեգործական հասարակական կազմակերպությանը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամին (Repat Armenia): Նվիրատվությունը կուղղվի ծրագրերի մշակմանը և իրագործմանը՝ հետևյալ ուղղություններով.

աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ),
աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս («Առաքելություն Հայաստան» ՀԿ),
աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալէպ» ՀԿ),
աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Վերադարձ Հայաստան» հիմնադրամ):
Միջոցները բաշխվելու են ըստ յուրաքանչյուր ծրագրի ծավալի և յուրահատկության:

Յուրաքանչյուր մարդ և կազմակերպություն կարող է միանալ այս նախաձեռնությանը՝ աջակցելով վերոնշյալ կազմակերպություններին ուղիղ կամ IDeA հիմնադրամի միջոցով»:

IDeA hիմնադրամը ներկայացրել է նաև հաշվեհամարը նրանց համար, ովքեր կցանկանան միանալ դրամահավաքին։

«Մենք գիտակցում ենք Մերձավոր Արևելքում հայկական համայնքների պահպանման կարևորությունը: Մենք լիահույս ենք, որ մեզ համար ցանկալի այս համախմբումը կօգնի ապահովել սիրիահայերի ֆիզիկական անվտանգությունը և նրանց ինքնության պահպանումը` անկախ հետագա բնակության վայրից»,- ասված է IDeA-ի հայտարարությունում:

Սիրիահայերին աջակցելու պատրաստակամության մասին IDeA հիմնադրամը հայտարարել էր անցյալ շաբաթ։

Լուսանկարում՝ IDeA հիմնադրամի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և նրա տիկին Վերոնիկա Զոնաբենդը։

Մեկնաբանել