Ո՞ւմ ձայնն է պահելու սփյուռքահայ դիտորդը

Հայաստանում համապետական ընտրությունները կեղծվել են, որպեսզի ընդդիմությունը չգա իշխանության: Ընտրությունները կեղծելու այլ իմաստ ու շարժառիթ պարզապես գոյություն չունի:

1995-ի խորհրդարանական և 1996-ի նախագահական ընտրությունները կեղծել է իշխող Հայոց համազգային շարժումը՝ ՀՀՇ-ն, իր գործընկեր Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ) և մի քանի այլ կուսակցությունների հետ, անշուշտ՝ բանակի և ուժային մյուս կառույցների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ակտիվ միջամտությամբ:

1998-2008 թվականներին ընտրակեղծարարության դրոշակակիրը Ռոբերտ Քոչարյանն էր՝ կրկին ուժային կառույցների ու տարբեր ժամանակներում իրեն սատարող կուսակցությունների և ԿԸՀ-ի մասնակցությամբ:

2008-ից ի վեր այդ գործով զբաղվում է Սերժ Սարգսյանի Հանրապետական իշխանությունը: Երբ իշխանությունների անկեղծությունը հասնում է ցինիզմի, նրանք չեն էլ թաքցնում, որ ընտրությունները կեղծում են: Այս հարցում ազնվագույնը եղել է Սերժ Սարգսյանը, ով 2013-ին Շիրակի մարզում հրապարակավ հայտարարեց.  «Իմ շանսը ո՞րն ա, 100-ից 90 խփե՞մ, 80 խփե՞մ, թե՞ 60, էդ ա, ինչքան ուզես՝ էնքան խփենք»:

Ավելի պարզ և գրական հայերենով սա նշանակում է՝ մենք կունենանք այնքան ձայն, որքան անհրաժեշտ է՝ անկախ նրանից, թե ժողովուրդը որքան ձայն կտա:

2015-ին Սահմանադրությունը փոխվեց նաև, ընդ որում՝ կեղծիքներով ուղեկցված հանրաքվեով, որպեսզի Սերժ Սարգսյանը և իշխող ՀՀԿ-ն մնան իշխանության:

Հայաստանում 1991-ից՝ անկախությունից ի վեր, ընտրությունների ճանապարհով իշխանափոխություն չի եղել: Եվ այս իրողությունը լավագույն ապացույցն է, որ ընտրությունները կեղծվում են, որ սահմանադրական ճանապարհով իշխանափոխությունը դարձել է անհնարին մի բան:

Ի՞նչ է արել ընդդիմությունը, որպեսզի իշխանությունները չկարողանան կեղծել ընտրությունները: Շատ բան չի կարողացել անել, քանի որ ընտրակեղծարարության գործիքները իշխանությունների ձեռքում են, և մինչև այսօր ընդդիմությունը չի կարողացել կոտրել այդ ձեռքը:

2015-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրակեղծարարության դեմ պայքարում կարևոր դեր ունեցան տեղական դիտորդները: Այսօր, 2017-ի խորհրդարանական ընտրություններից հինգ ամիս առաջ, շատ է խոսվում Սփյուռքի ներգրավվելու անհրաժեշտության ու ցանկությունների մասին:

Ընտրակեղծարարության թեմայով Սերժ Թանկյանը Սերժ Սարգսյանին մի քանի նամակ  գրելուց և պատասխան ստանալուց հետո, թվում է, եկել է այն եզրակացության, որ նամակներով հարցեր չեն լուծվում, և անհրաժեշտ է պայքարել Հայաստանի ներսում՝ ընտրությունների օրը գալ ու ընտրատեղամասում օգնել հայաստանցի դիտորդին, կռիվ տալ ընտրակեղծարար հայաստանցու դեմ: Սերժ Թանկյանին միացել են Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, հազարավոր այլ սփյուռքահայեր:

Ընտրությունների ընթացքը դիտարկելու և դիտորդներ ուղարկելու սփյուռքահայության որոշումն ու նպատակը իմաստ կունենան, եթե պարզ լինի, թե ում ձայնն է պահելու սփյուռքահայ դիտորդը:

Եթե 2017-ի խորհրդարանական ընտրություններին չձևավորվի ուժեղ, միասնական ընդդիմություն, ապա Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ընտրությունները կեղծելու իմաստ ու մոտիվացիա չեն ունենալու: Ինչո՞ւ կեղծել, երբ հնարավոր է իշխանությունը պահել համեմատաբար արդար ընտրություններով:

Եթե չձևավորվի ուժեղ և միասնական ընդդիմություն, ապա Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն խորհրդարանական աթոռները բաժանելու են իրենց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի և իբր ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» ու «Հայկական վերածնունդի»՝ նախկին «Օրինաց երկրի» հետ:

Հետևաբար, եթե չձևավորվի ուժեղ և միասնական ընդդիմություն, ապա Սերժ Թանկյանի ու Հայաստանի ճակատագրով մտահոգ մյուս սփյուռքահայ դիտորդների ներգրավումը իմաստազրկվում է: