ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը պատրաստ է աջակցել սիրիահայերին

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել աջակցելու սիրիահայերին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ քննարկում է նախաձեռնել Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթի հետ:

Ինչպես հաղորդում են օճմբուդսմենի գրասենյակից, քննարկմանը բարձրացվել են Սիրիայում ստեղծված իրավիճակի արդյունքում Հայաստան ժամանող սիրահայերին առնչվող, մասնավորապես նրանց համար Հայաստանում բնակության պայմանների ապահովման հարցում ՄԱԿ-ի աջակության հետ կապված հարցեր:

Արման Թաթոյանը կարևորել է Հայաստան ժամանել պատրաստվող սիրահայերի համար կեցության, ինչպես նաև իրավական խորհրդատվության հետ կապված խնդիրների առաջնահերթ կարգավորումը։ ՄԻՊ գրասենյակից հաղորդում են, որ քննարկվել է նաև սպասվող նոր հոսքի դեպքում սիրահայ ընտանիքներին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի կողմից հնարավոր որոշակի դրամական օժանդակություն տրամադրելու հետ կապված հարցեր:

Քրիստոֆ Բիերվիրթը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու սիրիահայ ընտանիքներին՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի մանդատի ու հնարավորությունների շրջանակում՝ նշելով, որ այդ ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ:

***

Վերջին մի քանի շաբաթներին Հալեպի հայությունը, ինչպես քաղաքի ամբողջ բնակչությունը, պատերազմական գործողությունների ուժգնացման հետևանքով հայտնվել է օրհասկան վիճակում։

Նախօրեին օմբուդսմեն Արման Թաթոյանը սիրիահայերի իրավունքների պաշտպանության հարցով դիմել էր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններին՝ խնդրելով իրենց իրավասության սահմաններում գործուն աջակցություն։

Մեկնաբանել