Կարո Եղնուկյանի առողջական վիճակը վատթարանում է. փաստաբան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը, որը «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում է, հոկտեմբերի 7-ից անժամկետ հացադուլ է սկսել։

Այս քայլը նա հիմնավորում է իր նկատմամբ անարդարացի վերաբերմունքով. դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակել Եղնուկյանին, արգելված են ընտանիքի անդամների հետ տեսակցությունները։

Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակն աստիճանաբար վատթարանում է։ «Ճնշումն իջած է, բավականին դժվարությամբ է խոսում։ Նա լուրջ առողջական խնդիրներ ունի, նախաինֆարկտային և նախաինսուլտային վիճակում է։ Դժվարությամբ կարողացանք բժշկական եզրակացություն ձեռք բերել, ինչի արդյունքում քրեակատարողական վարչությունը թույլատրել է Եղնուկյանին հիվանդանոց տեղափոխել՝ ՄՌՏ հետազոտություն անցկացնելու համար»,- ասաց Տիգրան Հայրապետյանը։ Փաստաբանը կարծում է՝ Եղնուկյանին կկարողանան հետազոտել հացադուլից դուրս գալուց հետո միայն։ Սակայն Կարո Եղնուկյանը հացադուլը դադարեցնելու մտադրություն չի հայտնել։

Կարո Եղնուկյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 28-ին:

Մեկնաբանել