«Ավրորա»-ն և Փրկության միջազգային կոմիտեն կաջակցեն սիրիացի փախստականներին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և Փրկության միջազգային կոմիտեն (ՓՄԿ) համատեղ մշակում են սիրիացի փախստականներին կանխիկ դրամական միջոցների փոխանցման ծրագիր:

Ինչպես տեղեկանում ենք «Ավրորա»-ի կայքից, համատեղ ջանքերով ֆինանսավորվելու է հետազոտական նոր ծրագիր, որը թույլ կտա ՓՄԿ-ին վստահելի և հաշվետու դրամական բաշխման միջոցով կենսական օժանդակություն ցուցաբերել սիրիական հակամարտությունից տուժածներին։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը տարամադրում է $100 հազ․ դրամաշնորհ, որի օգնությամբ ՓՄԿ-ն կսկսի «Առաջնահերթ կանխիկ» ծրագրի ճանապարհային քարտեզի մշակումը: Այն կտևի մեկ տարի և արդյունքում կառաջարկի նոր մեթոդաբանություն, որը կուսումնասիրի կանխիկի փոխանցման ընդլայնման հետ կապված խոչընդոտները՝ ըստ երկրների, և կառաջարկի միջոցներ, որոնք թույլ կտան հաղթահարել դրանք։

Հետազոտության շնորհիվ կստեղծվի կայուն ձևաչափ, որին կարող են հետևել ինչպես ՓՄԿ-ն, այնպես էլ ողջ մարդասիրական հանրությունը, նշված է «Ավրորա» նախաձեռնությունան տարածած հաղորդագրության մեջ։

«Մարդասիրական ճգնաժամերից տուժած մարդկանց թիվն աշխարհում օր օրի աճում է։ Ժամանակն է կրկնապատկելու մեր ջանքերը, որպեսզի ոչ միայն կարողանանք հայթայթել անհրաժեշտ միջոցներ, այլև ստեղծենք նախադեպերի վրա հիմնված այնպիսի ծրագրեր, որոնք ունակ են վերափոխելու մարդկանց կյանքը»,- ասել է ՓՄԿ նախագահ և գործադիր տնօրեն, Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդը՝ հավելելով․ «Անչափ կարևոր է, որ մարդասիրական օգնություն տրամադրելիս մարդասիրական հանրությունը շարունակի փնտրել և որդեգրել հնարավորինս խնայող միջոցներ, որոնք կնպաստեն առավելագույն թվով շահառուների վրա ազդեցության ընդլայնմանը»։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասել է․ «Ուրախ ենք գործակցել Փրկության միջազգային կոմիտեի հետ, քանի որ միասին կարող ենք առաջ մղել կարիքի մեջ հայտնված մարդկանց օգնելու մեր ընդհանուր նպատակը։ Ոգեշնչվելով հարյուր տարի առաջ հանուն հայության փրկության գործող անհատներից՝ մենք այսօր հպարտորեն շարունակում ենք նրանց ոգին՝ աջակցելով ներկայիս ամենահրատապ մարդասիրական մարտահրավերներին դիմագրավող կազմակերպություններին: Մեզ հաճելի է օժանդակել մարդասիրական օգնության այս նորարարական միջոցին, որն անհրաժեշտ օգնությունը տեղ է հասցնում ավելի արագ՝ գոհացնելով շահառուներին»։

Փրկության միջազգային կոմիտեն, որը ներկայում աշխարհի 19 երկրներում կանխիկ օգնություն է ցուցաբերում 113 հազ․ մարդու, մշակվելիք ճանապարհային քարտեզը կօգտագործի կանխիկ միջոցների ծրագրման իր հնարավորություններն առավել ընդլայնելու համար՝ չկենտրոնանալով օգնության պակաս արդյունավետ տրամադրման ձևերի վրա։

Մեկնաբանել