ԵՄ դեսպանը ողջունում է ՀՀ կառավարության՝ ՓՄՁ-ների զարգացման և բիզնես միջավայրի բարելավման ծրագրերը

Եվրամիությունը ողջունում է ՀՀ կառավարության նպատակային ծրագրերը՝ ուղղված փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացմանն ու բիզնես միջավայրի բարելավմանը։ Այս մասին ասել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը։

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Սվիտալսկին նշել է, որ այս ուղղությամբ ԵՄ-ն շահագրգիռ է համագործակցել գործադիրի հետ:

Դեսպանը հույս է հայտնել, որ Կարեն Կարապետյանի նշանակումը կառավարության ղեկավարի պաշտոնում նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը:

Սվիտալսկին նշել է նաև, որ առկա ՀՀ-ԵՄ հագեցած օրակարգը կարող է նախանշել այն հեռահար ծրագրերը, որոնք կամրագրվեն շրջանակային նոր համաձայնագրում:

Կարեն Կարապետյանն իր հերթին ասել է, որ մեծապես կարևորում է ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացումը, որոնք հիմնված են առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա:

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է առաջ մղելու ԵՄ-ի հետ փոխգործակցությունը տնտեսական համագործակցության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, շարժունակության, արդյունավետ կառավարման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում:

Նշելով, որ առաջիկայում տեղի է ունենալու ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների 5-րդ փուլը՝ Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ կողմերին կհաջողվի պահպանել դրական միտումը:

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը պատրաստ է ընդլայնելու ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակը՝ բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման, եվրոպական կառավարման մշակույթի ներդրման և այլ ուղղություններով:

Մեկնաբանել