Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ժողովրդի կամարտահայտությամբ․ Բալայան

Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները կարելի է դիտարկել որպես իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու, բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ․ այսպիսի հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։

«Հենց Ալիևի կողմից մեջբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ԼՂ ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։

Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքնախաբեությամբ չզբաղվեր և թոզ չփչեր ադրբեջանական հասարակության աչքերին։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարն արդեն հրապակավ խոստովանել էր բանակցությունների իրական բովանդակության մասին՝ նշելով, որ Բաքվին հորդորում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասել է Տիգրան Բալայանը։

Իլհամ Ալիևն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հնարավոր է փոխզիջում․ ԼՂ-ն ապագայում, պայմանավորվածության դեպքում կարող է լինել ինքնավար հանրապետություն։ Ռուսաստանյան «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում Ալիևը հերթական անգամ վերահաստատել էր՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցերում չի կարող փոխզիջում լինել»։

«Մենք երբեք չենք համաձայնի Լեռնային Ղարաբաղին անկախություն տրամադրել։ Սակայն կարող է լինել փոխզիջում տեղական ինքնակառավարման հարցերում․ ապագայում, եթե պայմանավորվենք, այն կարող է լինել ինքնավար հանրապետություն»,- ասել էր նա։

Մեկնաբանել