Կոտայքի մարզպետարանի պարզաբանումը ՍիվիլՆեթի տեսանյութի վերաբերյալ

Կոտայքի մարզպետարանը պարզաբանում է ներկայացրել ՍիվիլՆեթի «Քո գրպանից՝ Կոտայքի մարզպետարանի ավտոներին» տեսանյութի վերաբերյալ։ Տեսանյութում նշվում էր, որ Կոտայքի մարզպետարանը 2016թ․ օգոստոսին պայմանագիր է կնքել <<Մ-ԲԻ-Ռ>> ՍՊԸ-ի հետ, որը պետք է իրականացներ 2009թ. արտադրության «Տոյոտա Քեմրի» և 2007թ. արտադրության երկու «Կիա Օպտիմա» ավտոմեքենաների տեխնիական սպասարկում։ Տեսանյութում նշվում էր, որ ընդհանուր առմամբ՝ երեք մեքենաների տեխնիկական սպասարկման համար Կոտայքի մարզպետարանը «Մ-ԲԻ-Ռ» ընկերության հետ կքնել է 19,4 մլն դրամի կամ մոտ 41 հազ դոլարի պայմանագիր, ինչը ավելի է ավտոմեքենաների շուկայական գնից։

Կոտայքի մարզպետարանի պարզաբանման մեջ նշվում է, որ ՀՀ 2016թ․ պետական բյուջեով Կոտայքի մարզպետարանին տրամադրված միջոցներից ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ ձեռքբերելու համար հատկացվել է ընդամենը 1,2 մլն դրամ, իսկ ՍիվիլՆեթի կողմից նշված 19,4 մլն դրամը տեխնիկական բնութագրով նախատեսված ծառայությունների ողջ անվանացանկն է։

«Տեխնիկական բնութագրով նախատեսված ծառայությունների ողջ անվանացանկի համար ներկայացված ամբողջական գնացուցակից պետք է կատարվեր տվյալ պահի համար առավել հրատապություն ունեցող ծառայությունների ընտրություն և իրականացվեր ընդամենը 1,2 մլն դրամի չափով գործարք, որը և արտացոլված է ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների մատուցման N ԿՈՏ-ՇՀԾՁԲ-16/3 պայմանագրում (սահմանված կարգով gnumner.am կայքում հրապարակվել է հայտարարություն ՇՀ ընթացակարգով կնքված պայմանագրի մասին, որտեղ ներկայացված են և’ մասնակցի հայտով ներկայացված գները, և’ կնքված պայմանագրի ընդհանուր գինը): Այս ամենով հանդերձ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել նաև, որ գործընթացի հետագա փուլերում համապատասխան գնման պահանջը վերանայվել է, հիշյալ գործարքը չի կայացել և մարզպետարանի աշխատակազմը տնտեսել է պետական համապատասխան միջոցներն ու 2016թ․ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների պահպանման համար գումար չի ծախսվել»,- նշված է Կոտայքի մարզպետարանի պարզաբանման մեջ:

ՍիվիլՆեթի լրագրող Անի Գրիգորյանը տեսանյութը պատրաստելու ընթացքում հարցում էր ուղարկել Կոտայքի մարզպետարան, սակայն օրենքով նախատեսված ժակմետում պատասխան չէր ստացել, և նյութը հրապարակվել էր առանց մարզպետարանի տեսակետի։ Կառավարության էլեկտրոնային գնումների՝ gnumner.am կայքում, վերոնշյալ պայմանագիրը ներկայացվել էր կնքված և ներառվել էր 2016թ. օգոստոսին պետական մարմինների կողմից կնքված շրջանակային պայմանագրերի հաշվետվության մեջ:

Մեկնաբանել