Կարգավորման գործընթացը միասնական փաթեթ է, և տարրերի առանձնացումն անարդյունավետ է․ Պոպով

Եռանախագահները հոկտեմբերի երրորդ տասնօրյակում կայցելեն տարածաշրջան՝ հակամարտության գոտում ռազմական իրավիճակին ծանոթանալու նպատակով․ ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։

Վերջինս տեղեկացրել է, որ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ղեկավարության և զինվորականության հետ։

«Մտադիր ենք ուսումնասիրել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում կայացրած պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, որոնք միտված են հակամարտության գոտում կայունացմանը։ Կքննարկենք բանակցային գործընթացի հեռանկարները՝ առկա աշխատանքային առաջարկները հաշվի առնելով։ Կծանոթանանք հակամարտության գոտում ռազմական իրավիճակին, որը, մեր գնահատմամբ, ապրիլյան իրադարձություններից հետո ընդհուպ մինչև վերջերս համեմատաբար հանգիստ էր»,- նշել է Պոպովը։

Մեկնաբանելով ներկայում բանակցային գործընթացի շուրջ տարածվող լուրերը՝ հինգ շրջանների վերադարձի վերաբերյալ, Պոպովն ասել է, որ այդ հարցը «պետք է դիտարկել համալիր»՝ կարգավորման մյուս տարրերի համատեքստում, որոնք են՝ Ղարաբաղի կարգավիճակին առնչվող հարցերը, բոլոր փախստականների վերադարձը, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանումն ու խաղաղապահ գործողության անցկացումը։

«Կարգավորման գործընթացը միասնական փաթեթ է, և բոլոր փորձերը՝ ուղղված այս կամ այն կողմի նախընտրած տարրի առանձնացմանը, անարդյունավետ են»,- եզրափակել է ՄԽ ռուսաստանցի համանախագահը։

Մեկնաբանել