Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ընտրանու նոր գլխավոր մարզչի անունը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի Արթուր Պետրոսյանը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հաղորդում են, որ ֆուտբոլի ընտրանու գլխավոր մարզչի նշանակման հետ կապված բանակցություններն ավարտվել են, և նոյեմբերի 1-ից Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայում շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրաժարական էր տվել հոկտեմբերի 13-ին։

Արթուր Պետրոսյանը ծնվել է 1971թ. դեկտեմբերի 17-ին Գյումրի (Լենինական) քաղաքում:

Խաղային կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակ» ակումբում: Խաղացել է իսրայելական «Մաքքաբի»-ում, Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվ»-ի կազմում: 2000թ․ ֆուտբոլային առաջընթացը շարունակել է Շվեյցարիայում՝ 2000-2003 թթ․ հանդես գալով «Յանգ Բոյզ»-ում, 2003-2006 թթ․՝ «Ցյուրիխ»-ում:

1992-2005 թթ. Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 70 հանդիպում, դարձել 11 գոլի հեղինակ: Հայաստանի քառակի չեմպիոն է (1992թ․, 1994թ․, 1995թ․, 1999թ․), Հայաստանի երկակի սուպերգավաթակիր (1996թ․, 1999թ․), Շվեյցարիայի գավաթակիր (2005թ․), Շվեյցարիայի չեմպիոն (2005-2006 թթ․):

1996թ․, 2000թ․ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, 1997թ․՝ Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու։

Մարզչական գործունեությունը սկսել է 2006թ․՝ գլխավորելով «Ցյուրիխի» Մ-14, 15, 16, 18 թիմերը:

2011թ․ «Ցյուրիխի» Մ-18 թիմի հետ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն:

2014-2015 թթ․ Արթուր Պետրոսյանը եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականը:

2016թ. ստացել է մարզչական ՊՐՈ արտոնագիր:

Մեկնաբանել