Օսկանյանն առաջարկում է հանձնաժողով ստեղծել՝ Քրքորյանի կտակի հարցով զբաղվելու համար

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն առաջարկում է հայության բացարձակ վստահությունը վայելող անհատներից բաղկացած հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի Հայաստանի ագզային հերոս, ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի կտակից հայկական նպատակների համար հատկացումների հարցով։ Այս մասին Օսկանյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Այսօր կարդացի Քըրք Քրքորյանի կտակը։ Հասկացա հետևյալը՝ ժառանգություն է թողնվել 2 միլիարդ դոլարի կարգի գումար, որը բացառապես պետք է տրամադրվի մեկ կամ ավելի բարեգործական կազմակերպությունների, որոնք ունեն ԱՄՆ-ի հարկային ծառայության այսպես կոչված 501(C)3 արտոնությունը։ Կտակը պետք է տնօրինվի անվանական նշված երեք անհատների կողմից, որոնցից հայազգի է միայն մեկը։ Նրանք Քրքորյանի մահվանից հետո երեք տարվա ընթացքում (որի մեկ տարին անցել է) պետք է արդեն այդ գումարի բաժանումը կատարած լինեն։

Չնայած այս եռյակի որոշման վրա որևէ սահմանափակում չկա, բացառությամբ, որ որոշումները պետք է լինեն մեծամասնության սկզբունքով` ես այնուամենայնիվ կարծում եմ՝ այս անհատների վրա կա բարոյական պարտավորություն, որը բխում է Քրքորյանի՝ հատկապես վերջին քսան տարիներին կատարած բարեգործական նվիրաբերումների առաջնայնություններից։

Քըրք Քրքորյանը բարեգործական նվիրաբերումներ արել է երեք հիմնական ուղղություններով․

1-ին՝ ամերիկյան հաստատություններին, հատկապես՝ կրթական;

2-րդ՝ հայկական կազմակերպություններին՝ կրթական, մշակութային, հրատարակչական և այլ,

3-րդ, որը եղել է նրա նվիրաբերումների ամենածավալուն մասը, Հայաստանին։

Ես համոզված եմ, որ այս հանգամանքը որոշակի պարտավորություններ է դնում կտակը տնօրինող անհատների վրա իրենց ընտրությունը կատարելու գործում։

Ճիշտ կլինի՝ հնարավորինս արագ հայ ժողովրդի բացարձակ վստահությունը վայելող անհատներից բաղկացած հինգ-յոթ հոգանոց հանձնաժողով ստեղծել, որը, խորհրդակցություններ անցկացնելով ավելի լայն շրջանակների հետ, այդ թվում՝ Հայաստանի կառավարության, առաջարկների փաթեթ կներկայացնի կտակը տնօրինող եռյակին։ Հանձնաժողովի խնդիրը պետք է լինի հիմնավորել կտակի գումարների ստվար մասի ուղղումը հայկական նպատակներին, ինչպես նաև նախանշել այն կազմակերպություններն ու ծրագրերը, որոնց պետք է հատկացումներն անել։

Չի կարելի այս հարցը պատահականության թողնել։ Չի կարելի նաև, որ անհատ մարդիկ և կազմակերպություններ, առանձին-առանձին՝ իրենց միջոցներով, հակասական առաջարկություններով, նեղ շահերից ելնելով, վանեն կտակը տնօրինող եռյակին»,- գրել է Վարդան Օսկանյանը։

Քըրք Քրքորյանը Հայաստանում խոշորածավալ ներդրումներ սկսել է անել 2000-ականներին։ Նախին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր հուշերի գրքում պատմել է, թե ինչպես են Քրքորյանին հրավիրել Հայաստան ներդրումներ անելու համար։

Լուսանկարում՝ Վարդան Օսկանյանը և Քըրք Քրքորյանը Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության թանգարանում։

Մեկնաբանել