Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարել է լուծում գտնել խնդրին, երբ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) կողմից արգելանք է դրվում քաղաքացիների գույքի և հաշվի վրա։
Վարչապետը նշել է, որ բնակչության շրջանում դժգոհություններ կան արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործունեությունից, և դրանք առնչվում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական տույժերի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրներին:
Կառավարության նիստին վարչապետը քաղաքացիների դժգոհությունների թվում նշել է, որ, օրինակ, քաղաքացուն չեն ծանուցում վարչական ակտի մասին, նրա դրամական միջոցներն արգելանքի են վերցվում կամ գույքի վրա արգելանք է դրվում, բայց նրան չեն տեղեկացնում այդ մասին:
Նա արդարադատության նախարարին հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կատարողական վարույթ հարուցվի միայն, եթե ամբողջովին պահպանված են օրենքով նախատեսված պահանջները։ «Եռամսյակը մեկ ամփոփել և տեղեկություն ներկայացնել, թե որ մարմիններն են ակտեր ներկայացնում կատարման՝ չպահպանելով օրենսդրության պահանջները, մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն հարկադիր կատարողի կողմից պարտապաններին, վերջիններիս գույքի վրա արգելանք դնելու մասին անհապաղ ծանուցումն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմների՝ էլ. փոստի, sms-ի միջոցով և այլն»,- ասել է վարչապետը: