Սերժ Թանկյանն աջակցում է Ղարաբաղում տարածքների ականազերծման արշավին

Ռոք երաժիշտ, ամերիկյան System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տարածքների ականազերծմանը, որն իրականացնում է բրիտանական The Halo Trust կազմակերպությունը։

Ֆեյսբուքյան իր էջում Թանկյանը գրել է, որ երբ The Halo Trust-ը դիմել է իրեն՝ ականազերծման արշավում իր երգերից մեկն օգտագործելու համար, ինքն անմիջապես համաձայնել է։

«Ղարաբաղը մեկ շնչի հաշվով ականների պայթյունների ամենամեծ ցուցանիշն ունի աշխարհում, որոնք հանգեցնում են մահվան և լուրջ վնասվածքների։ Էլ ավելի մտահոգիչ է, որ ականների պայթյունների զոհերի 1/3-ը երեխաներ են։ Այս մարդիկ արժանի են իրենց հողերը մշակել կարողանալու, և նրանց երեխաները պետք է խաղան դաշտերում՝ առանց պայթյունի որևէ ռիսկի»,- գրել է Թանկյանը։ Նա նշել է, որ The Halo Trust-ը տարիներ շարունակ հրաշալի գործ է անում՝ ականազերծելով այդ տարածքները և շրջանը դարձնելով ավելի ապահով, «սակայն դեռ շատ անելիք կա»։

The Halo Trust-ի դրամահայթայթման արշավն սկսվում է այսօր։ Կազմակերպությունն ակնկալում է 30 օրում 30 հազար դոլար հավաքել Ղարաբաղի Մյուրիշեն գյուղի տարածքներն ականազաերծելու համար։ Թանկյանը իր ֆեյսբուքյան գրառման վերջում ավելացրել է հղումները, որպեսզի ցանկացողները կարողանան ներդրում ունենալ ականազերծման գործին։

Լուսանկարը՝ Սերժ Թանկյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել