Մոսկվան կրկին խոսել է ԼՂ կարգավորման գործընթացում Անկարայի «դրական դերի» մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Թուրքիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում դերակատարության ակտիվացման հարցը, հայտարարել է, որ կարելի է միայն ողջունել, եթե խմբի անդամները իսկապես կառուցողական դեր խաղան այդ գործընթացում։

«Արդյոք կա՞ն Մինսկի խմբում Թուրքիայի դերակատարության ակտիվացման կամ Թուրքիան ՄԽ-ի համանախագահ դարձնելու ծրագրեր» հարցին Զախարովան պատասխանել է, որ չունի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի ձևաչափի փոփոխության մասին տեղեկություն։

«Ես նկատի ունեմ ոչ թե լրատվամիջոցները, այլ փորձագետներին, որոնք իսկապես զբաղվում են այդ խնդրով։ Ինչ վերաբերում է Թուրքիայի՝ որպես ՄԽ անդամի դերակատարության փոփոխությանն ու ակտիվացմանը՝ կարելի է միայն ողջունել, որ այդ խմբի անդամներն իսկապես կառուցողական դեր խաղան կարգավորման գործընթացում։ Ըստ իս՝ դա նրանց ուղիղ պարտականությունն է՝ կառուցողական դեր խաղալ և դա անել գործուն կերպով, երբ խոսքը գնում է հենց կառուցողական ներդրման մասին»,- երեկ ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Մեկ շաբաթ առաջ ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի դերակատարության ակտիվացման մասին հայտարարել էր նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Վերջինս, մասնավորապես, ասել էր, որ Մոսկվան մշտապես հաշվի առնում այն գործոնը, որ «Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը և նորմալ տնտեսական համագործակցություն տարածաշրջանում»։

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում իր ակտիվացման և ներդրման մասին վերջերս հայտարարում է նաև Թուրքիան։ Հոկտեմբերի կեսին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն բարձրաձայնել էր Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի ձգտումը և ասել, որ կարգավորման գործընթացում «Ռուսաստանն իր ջանքերը կիսել է Անկարայի հետ, որը աջակցություն է ցուցաբերում այդ հարցում»։ Պաշտոնական Անկարան, ևս մեկ անգամ վերահաստատել է, որ այդ գործընթացում սատարում է ցանկացած լուծման, որը բխում է Բաքվի շահերից։

Հայաստանը, արձագանքելով նման հայտարարություններին, մշտապես պնդում է, որ «Անկարային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից»:

Մեկնաբանել