Հովիկ Աբրահամյան և Կարեն Կարապետյան․ ծրագրերի տարբերությունները

Ազգային ժողովը բուռն քննարկումներից հետո ուրբաթ ընդունեց Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը։ ՍիվիլՆեթը կառավարության ծրագիրը համեմատել է նախորդ՝ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի հետ։

Առաջին տարբերությունը նախաբաններն են։ Աբրահամյանը հաշվի էր առել ազգային անվտանգության ռազմավարությունը, Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերը։

Կարապետյանը ծրագիրը կազմել է՝ ելնելով Հայաստանի մարտահրավերներից՝ «րոպե առաջ իրագործելու բարեփոխումներ»։

Ներդրումներ

Նախորդ կառավարությունը խնդիր էր դրել վերացնել կամ նվազեցնել վարչարարական խոչընդոտները, օգտագործել հարևան երկրների ներդրումների պոտենցիալն ու ուժեղացնել ներդրումների պաշտպանության պետական երաշխիքները։ Շեշտվում էր որպես ներդրումային երկիր Հայաստանի ճանաչելիության բարձրացումը, նախատեսվում էր ստեղծել Համահայկական ներդրումային հիմնադրամ։

Նոր կառավարությունը նույնպես պատրաստվում է ներդրումային ֆոնդ ստեղծել՝ պետություն-մասնավոր համագործակցության տեսլականով։ Ներդրումային գրավչությունը ձևակերպվել է որպես ռազմավարական խնդիր։ Նախատեսվում է որոշակի գումարից ավելի ներդրում կատարած օտարերրացիներին շնորհվել ՀՀ քաղաքացիություն։ Ներդրումները խրախուսելու համար նոր կառավարությունը ծրագրում է նաև ներմուծում անելիս ԱԱՀ-ի վճարման հետաձգման պարզեցում։

Հարկային և մաքսային ոլորտ

Նախորդ կառավարությունն իր առաջ խնդիրներ էր դրել ընդլայնել մաքսային համակարգի տեխնիկական ու մասնագիտական կարողությունները, պարզեցնել մաքսային ընթացակարգերի կիրառումը բարեխիղճ տնտեսվարողների համար։ Հին կառավարությունը նախատեսում էր արդիականացնել հարկային ու մաքսային համակարգերի ապահովվածությունը։

Նոր կառավարությունը նախատեսում է վերացնել հսկիչ գնի արատավոր պրակտիկան։ Պետք է ընդլայնվեն հարկային ու մաքսային ոլորտի համաձայնագրերի ցանցը, վերափոխվի հարկային ու մաքսային ծառայողի կերպարը։ Կառավարությունը նախատեսում է վարչարարության պարզեցում ու ամբողջական անցում հաշվետվությունների էլեկտրոնային համակարգի։

Կրթություն և գիտություն

Նախորդ կառավարությունն իր ծրագրում շեշտել էր, որ ԲՈՒՀ-երում առաջնային ուշադրություն է դարձվելու հայագիտությանը, ուժեղացվելու է գիտահետազոտական բաղադրիչը։ Ստեղծելու էին նպաստավոր պայմաններ գիտական պետական կազմակերպությունների ու մասնավոր հատվածի միջև սերտ համագործակցության համար։ Գիտնականների սոցիալական պաշտպանվածության համար ներդրվելու էին նոր մեխանիզմներ։ Ընդլայնվելու էր նախադպրոցական կրթության հասանելիությունը, մեկնարկելու էր առաջին դասարանցիներին անվճար համակարգիչներ տրամադրելու փուլային ծրագիրը։ Դպրոցներում ներդրվելու էր ազգային երգ ու պար առարկան, հիմնադրվելու էր կրթության գերազանցության ազգային կենտրոն։

Կարապետյանի կառավարությունը եկող տարի նախատեսում է գիտական աստիճանաշնորհման համակարգի արդիականացում։ Իսկ 2018-ից սկսած՝ գիտության ֆինանսավորման ծավալների հիմնական մասի ուղղորդում՝ դեպի կիրառական ու փորձակոնստրուկտորական ծրագրեր։

Նոր ծրագրով եռամսյա ժամկետում ապահովվելու է դպրոցների բյուջեի ու ծախսերի կատարման հաշվետվությունների հանրային հասանելիությունը, իսկ վեց ամսվա ընթացքում՝ միջին ու թերբեռնված դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմի ներդրում, իսկ 2017-ից՝ կայուն դպրոցական սննդի ազգային ծրագրի ներդրում մեկ սահմանամերձ մարզի բոլոր դպրոցներում։ Կարապետյանի կառավարությունը նախատեսում է համալսարանների համար անձեռնմխելի ֆոնդերի ձևավորում, պետպատվերից անցում դեպի նպատակային կրթաթոշակների։ Նախատեսվում է նաև բոլոր վարչական պաշտոններում սահմանափակել աշխատանքային տարիքը՝ մինչև 70 տարեկանով։

Աղետի գոտի

Աբրահամյանի կառավարությունը խնդիր էր դրել Շիրակում, Լոռիում ու Արագածոտնում ավարտել 2008-ից սկսված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։

Նոր կառավարությունը եկող տարի նախատեսում է Գյումրիում ավարտել այս ծրագիրը։ Հատկանշական է, որ հին ծրագրում բացակայում է «աղետի գոտի» ձևակերպումը, իսկ նորում այն կա։

Կոռուպցիա

Նախորդ կառավարությունը նախատեսում էր մշակել ու ներդնել չհիմնավորված հարստացման, շահերի բախման, բացահայտել անհամատեղելի գործունեությունն ու չեզոքացնել, բարելավել հայտարարգրման համակարգը։ Նախատեսվում էր հայտարարագիր չներկայացրած, չհիմնավորված հարստացման դեպքերի խախտում թույլ տված անձանց նկատմամբ իրավական ներգործությունների առաջարկներ ներկայացնել իրավասու մարմիններին, ինչպես նաև կառավարման մարմինների կառուցվածքային փոփոխություններ։

Կարապետյանի ծրագիրը խոստանում է առավելագույն ջանքեր պետական համակարգում հովանավորչության, յուրացումների, կաշառակերության, վերացման համար։ Նախատեսվում է եռամսյա ժամկետում քրեականացնել ապօրինի հարստացումն ու վեցամսյա ժամկետում ներդնել դրա կիրառումն ապահովող կառուցակարգեր։ Մեկ այլ կետով նոր կառավարությունը ընդլայնելու է հայտարարագրեր ներկայացնող անձանց ցանկը, սահմանափակելու է կանխիկ գործառնությունները։ Նոր ծրագրով նախատեսվում է նաև մեկ տարվա ընթացքում ներդնել պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների խստացում։

Պետական գնումներ

Գնումների ոլորտում Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը խոստացել էր շարունակել ապրանքների ու ծառայությունների գների մշտադիտարկումը՝ պետական գնումների արդյունավետությունը ապահովելու ու չհիմնավորված բարձր գներով գնումները կանխելու համար։ Նախորդ կառավարությունն իր ծրագրի գնումներին առնչվող հատվածում նշել էր նաև, որ լիաժեք գործելու է գնումների առցանց ավտոմատ համակարգ։

Նոր կառավարությունը խնդիր է դրել վեց ամսվա ընթացքում գնման գործընթացի պարզեցում, պատվիրատուների թվի կրճատում։ Ծրագրով նախատեսվում է նաև օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ թղթային եղանակով գնումների կազմակերպումից անցնել էլեկտրոնայինի։ Նախատեսվում է նաև գնման գործընթացում փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցության համար պատասխանատվություն սահմանող օրենսդրական փոփոխություններ։

Պաշտպանություն

Նախորդ կառավարությունը պաշտպանական ոլորտի գործունեության հիմքում դրել էր «առկա ռեսուրսներով առավելագույն արդյունքի հասնելու» ռազմավարական սկզբունքը, բացի այդ՝ նշել, որ ռազմակրթական ոլորտը պետք է ապահովվի ժամանակակից կրթական ու մեթոդական ծրագրերով։

Նոր կառավարությունը շեշտադրում է անում զինվորական կառավարման մեխանիզմների արդիականացումն ու բանակ-հասարակություն կապի զարգացումը։ Նոր կառավարության՝ այս ոլորտի նորամուծություններից մեկն էլ այն է, որ նախատեսվում է ներդնել կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունների ընդլայնում։

Մեկնաբանել