Զոմբիների զբաղմունքը

Նոր Սահմանադրությունը կուսակցությունների հզորացման հարցը չի լուծում: Ավելին՝ ինքը ձևով կուսակցական է, բովանդակությամբ՝ «նախագահական»: Այսինքն՝ սա Սահմանադրություն է միայն այն ուժի համար, որը խորհրդարանում կձևավորի կայուն մեծամասնություն: Սա հասկանալով՝ ընտրությունների գնացող ընդդիմությունը միայն խաղում է իշխանության դաշտում, այսինքն՝ իշխանության քմահաճույքներով:

Ինչի՞ մասին է խոսքը: Փաստ է, որ Հանրապետականը երբևէ որևէ ընտրությունում չի պարտվի (հազիվ՝ մեկ- երկու գյուղում, եթե միայն կամենա պարտվել): Այսինքն՝ Հանրապետականը ուժեղանալու կամ թուլանալու խնդիր չունի, որովհետև ինքը կուսակցություն չէ, այլ իշխող ուժ: Դրանք տարբեր բաներ են: Ինքը միշտ հաղթող է: Բոլոր քաղաքական ուժերը կարող են գալ ու գնալ, Հանրապետականը մնալու է, որովհետև փողոցը, որը ժողովրդի իրավունքների տարածքն է, այլևս չկա: Իսկ մնացած քաղաքական ուժերը չունեն փող, չունեն հեղինակություն և փողոցով դրսևորվելու տարբերակ չունեն: Որովհետև իրենք նույնիսկ կուսակցություն չեն: Կուսակցությունների կայացման հիմնական չափանիշը հրաժարականների ինստիտուտն է՝ ձախողում-հրաժարական կապը: Պարտվեցի՞ր որևէ ընտրությունում, վարչության կամ կառավարման խորհրդի ամբողջ կազմով կամ գոնե ղեկավարի մակարդակով հրաժարական ես տալիս: Դիցուք, ՀԱԿ-ը: Այս քաղաքական ուժը ձևավորումից հետո մինչև վերջերս չէր մասնակցել ՏԻՄ որևէ ընտրության: Գյումրիում ու Վանաձորում մասնակցեց: Արդյունքն անփառունակ էր: Նշանակում է՝ ՀԱԿ վարչությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս: Հասարակությունը տեսնում է, որ կուսակցական վերնախավը վարչությունում ցեմենտած չէ: Այսինքն՝ քլունգով չես պոկելու իրենց տեղից: Ինքն իրեն պոկվելու է: Ինչպես կարգն է: Ինքը պետք է խաղա նոր կանոններով, որտեղ միայն իր ներքին ժողովրդավարությամբ կարող է իշխող քաղաքական ուժին հակադրվել՝ որպես հնարավոր իշխող ուժ:

Սա շատ նման է Ղարաբաղի հարցի լուծմանը: Ըստ էության՝ շահելու է այն երկիրը, որն ավելի ժողովրդավարական է, որովհետև միայն Ռուսաստանի մտքով կանցնի Ղարաբաղը վերցնել, ասենք, ավելի ժողովրդավարական Ադրբեջանից ու տալ տոտալիտար Հայաստանին կամ վերցնել ժողովրդավարական Հայաստանից ու տալ տոտալիտար Ադրբեջանին: Էլ չեմ ասում, որ ժողովրդավարական Ղարաբաղն ինքն է երաշխավորելու իր անձեռնմխելիությունը «հանձնում-ընդունում» օպերացիայի համար: Այսինքն՝ Ղարաբաղի ապագան իր ժողովրդավարության մեջ է, ոչ թե Ադրբեջանի կամ Հայաստանի բանակների հզորության: Ադրբեջանը կամ Հայաստանը Ղարաբաղը կարող են իրենց կողմը քաշել միայն հաստատուն ժողովրդավարական մշակույթով: Այսինքն՝ կանխատեսելիությամբ: Այսինքն՝ թափանցիկությամբ: Այսինքն՝ խոսքի և իրավունքի արտահայտման ազատությամբ:

Ուրեմն, ՀԱԿ վարչությունը հրաժարական է տալիս, և ձևավորվում է նոր վարչություն, որն էլ գնում է նոր ընտրությունների: Եթե կուսակցությունը մտնում է խորհրդարան, ասենք, 5 պատգամավորով, որոնք բոլորն էլ վարչության անդամ են, ընտրվելու պահից հրաժարական են ներկայացնում վարչության անդամությունից և խորհրդարանում դառնում են վարչության ձայնը: Այսինքն՝ զուտ կուսակցական ձայն: Իրենք կուսակցությունում որևէ լծակ չպետք է ունենան, իրենք պետք է լինեն սոսկ կուսակցության ձևակերպած մարտահրավերների խոսափողը քաղաքական ամբիոնից: Նրանք կուսակցությունում չպետք է տնօրինեն ֆինանսական միջոցներ, չպետք է ունենան իրենց լրատվամիջոցը, որով իրենց կկարևորեն՝ ցածրացնելով ամբողջ կուսակցությանը: Նրանք պետք է խոցելի լինեն կուսակցության վարչության համար: Որպեսզի չթռփոշանան ու չքնեն պատգամավորի դափնիների վրա: Նրանք պետք է բանեն կուսակցության համար: Իրենք իրենց տեղը պետք է զիջեն վարչությունում նոր դեմքերի, որոնք գուցե նոր խոսք են, նոր հայացք կուսակցական շինարարության մեջ: Իսկ եթե կուսակցությունը չի մտնում խորհրդարան, վարչությունը պետք է ամենշաբաթյա գործունեությամբ, ինչպես, ի դեպ, դա անում է ՀՀԿ-ն, ցույց տա, որ ասելիք ունեցող քաղաքական ուժ է:

Այս ամենը կարող էր տարածվել ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի կամ, ասենք, կիսաիշխող ուժի բարդույթ ունեցող որևէ այլ «քաղաքական» ուժի վրա: Բայց նրանք պատրաստ չեն քաղաքական ուժ լինելու, պարզապես պատրաստ չեն ընդդիմադիր դաշտում աշխատելու: Նրանք փողոցի հետ աշխատել չեն կարող, որովհետև փողոցի հիշողությունը առայժմ սուր է հակազդում այդ ուժերի ոչ վաղ անցյալին: Իսկ ոչ վաղ անցյալում այդ ուժերը երկրորդել են իշխանության որոշումները կամ ժողովրդից անկախ պատճառներով չեն կարողացել ավարտին հասցնել խոստացված հեղափոխությունը: Խորհրդարանական կառավարում ունեցող Հայաստանում առայժմ սահմանադրական եղանակներ չկան կուսակցություններ կայացնելու․ կուսակցություններն իրենք են նախագահական համակարգերով իշխում, հրաժարականներ չկան, քանի դեռ ներքին հեղաշրջումներ չեն լինում: Մինչդեռ, ասենք, ինչո՞ւ է 1992-ից մինչև հիմա ԱԺՄ նախագահը Վազգեն Մանուկյանը: Ամբողջ 24 տարում ԱԺՄ-ն Վազգենից խելոք մեկին չունեցա՞վ: Ուրեմն, Վազգեն Մանուկյանը պատրաստ չէ խորհրդարանական կառավարման, որովհետև ԱԺՄ-ն նրա համար դուքան է, ինքն էդ կուսակցությունն առանց իրեն չի պատկերացնում: Կամ ՀՀԿ-ն: Ցինիկաբար էլ ասում են՝ Սերժ Սարգսյանը դեռ երկար է ղեկավարելու ՀՀԿ-ն: Այսինքն՝ էս գլխից համաձայն են, որ իրենք իդեաներ չունեն այդ կուսակցության համար․ Սերժ Սարգսյանն ինչ ասի, իրենք կհամաձայնեն: Սա ասում են խորհրդարանական համակարգի ամենամոլի կողմնակիցները: Այսինքն՝ քաղաքական ուժերը ստեղծվում կամ իրացվում են որպես դուքաններ, այնտեղ շարժ չկա: Եթե նույնիսկ համալրումներ կան, նոր անդամները գալիս են դուքանի բաժնետեր լինելու թաքուն հույսով: Ահա ինչու է փոխված Սահմանադրությունը բովանդակությամբ նախագահական: Կուսակցությունները պետք է սովորեն ինքնամաքրվել: Հավակնությունները կուսակցությունների մեջ վատ բան չեն: Բայց որևէ քննություն չհանձնած կուսակցության մեջ հավակնությունը զոմբիի զբաղմունք է:

Մեկնաբանել