Ռոհանիի կարծիքով՝ ԱՄՆ-ում պետք է ընտրեն «վատի և ավելի վատի միջև»

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարծում է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում առաջարկվում է ընտրություն վատի և ավելի վատի միջև։ Ռոհանիի խոսքով՝ հեռուստաբանավեճերում նախագահական թեկնածուների՝ միմյանց հասցեին կոպիտ հայտարարությունները վկայում են Ամերիկայում բարոյականության բացակայության մասին։

«Ամերիկան պնդում է, որ ունի ժողովրդավարության 200-ամյա պատմություն և անցկացրել է 50 նախագահական ընտրություն, սակայն այդ երկրում չկա բարոյականություն»,- Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Հասան Ռոհանին։

Իր խոսքերը Իրանի նախագահը հիմնավորել է՝ օրինակ բերելով ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի միմյանց հասցեին ծաղրանքներն ու մեղադրանքները։

Նա պատմել է սեպտեմբերին ՄԱԿ-ում պետության մի ղեկավարի՝ իրեն ուղղված հարցի մասին, թե ում է նախընտրում՝ հանրապետական Դոնալդ Թրամփի՞ն, թե՞ դեմոկրատ Հիլարի Քլինթոնին, ինչին ի պատասխան ասել է, թե արդյոք պիտի գերադասի վատը ավելի վատին, թե ավելի վատը՝ վատին։

Ռոհանին այդպես էլ չի հստակեցրել, թե ում էր վերաբերում իր բնորոշումը։

Իրանի պահպանողականների ոխերիմ թշնամի ԱՄՆ-ում ընթացող նախընտրական պայքարը, թեկնածուներին և ներքաղաքական իրողությունները իրանցիներին մատուցելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակողի որոշմամբ՝ ցուցադրվել են House of Cards ամերիկյան հեռուստասերիալի սերիաներ և Թրամփի ու Քլինթոնի հեռուստաբանավեճերից մեկը։

Ինչպես Bloomberg-ին ասել է Թեհրանի համալսարանի ամերիկյան քաղաքականության պրոֆեսոր Ֆուադ Իզադին, Իրանի կառավարությունը որոշել է առժամանակ լույս սփռել ամերիկացի քաղաքական գործիչների վրա. «նրանք լավ տեսք ունեն, կրում են փողկապ և օգտագործում դեզոդորանտ, սակայն իրենց կեցվածքը հաճախ անվայել է»:

Ինչպես նկատել է Bloomberg գործակալության մեկ այլ զրուցակից՝ Սաիդ Մոհամմադին, տարբերությունն այնքան էլ մեծ չէ, թե ով է իշխում Վաշինգտոնում։

«Մեր մամուլում կա շրջանառվող կարծիք, որ դեմոկրատներն ավելի լավ են Իրանի համար, քան հանրապետականները, սակայն մեր երկրի և ԱՄՆ-ի միջև անջրպետն այնքան խորն է, որ երկու կուսակցությունների միջև հիմնարար տարբերություն չկա»- ասել է Մոհամմադին։

Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում կկայանան նոյեմբերի 8-ին։ Մրցապայքարի մասնակիցներն են հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնը։ Անցյալ շաբաթ նրանց միջև կայացել էր թվով երրորդ և վերջին հեռուստաբանավեճը: CNN հեռուստաընկերության պատվերով անցկացված հետազոտության համաձայն՝ նախագահության թեկնածուների բանավեճին հետևած ամերիկացի հեռուստադիտողների 52 տոկոսը համոզված է, որ հաղթել է Հիլարի Քլինթոնը: Հարցվածների 39 տոկոսը նախատվությունը տվել է Դոնալդ Թրամփին: Վերջինիս նախընտրական շտաբն ընդունել է, որ Թրամփը հետ է մնում Քլինթոնից՝ հայտարարելով, որ մտադիր չէ հանձնվել։

Մեկնաբանել