Independent-ի անդրադարձը «Խոստումը» ֆիլմի քաղաքական վարկանիշավորմանը

Բրիտանական Independent-ն անդրադարձել է կինոֆիլմերի համացանցային բազայում՝ IMDb-ում, Ցեղասպանության մասին «Խոստումը» պատմական դրամայի կողմնապահ վարկանիշավորմանը։

«Կամ կան ինչ-որ հսկայական կինոթատրոններ, որոնց մասին երբեք չեմ լսել, կամ IMDb-ի օգտատերերը, առանց այն տեսնելու, քվեարկում են՝ ելնելով քաղաքական նախասիրություններից»,- նկատում է Independent-ի Քրիստոֆեր Հութոնը։

Նյութը հրապարակելու պահին ֆիլմը վարկանիշավորել էր 86 հազ․ 991 մարդ, որոնցից 55 հազ․ 165-ը՝ 63,4 տոկոսը, դրել էր 1, 30 հազ․ 865-ը՝ 63,4 տոկոսը, դրել էր 10:

Ըստ բազայում տեղադրված վիճակագրության՝ քվեների մեծ մասը գալիս է ԱՄՆ-ից դուրս ապրող արական սեռի ներկայացուցիչներից։

Հեղինակը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ «Խոստումը» ցուցադրվել է ընդամենը երեք անգամ․ տեղեկությունը պարբերականին հաստատել են Survival Pictures ընկերությունից։

Հոդվածագիրը նշում է, որ չնայած IMDb-ի քաղաքականության մեջ չի մտնում միջամտությունը վարկանիշավորմանը, այդուհանդերձ, շատերը կինոֆիլմերի բազային կոչ են անում միջամտել բացասական քվեարկության միտմանը։

Բրիտանական կայքը մեկնաբանության համար դիմել է IMDb-ին։

***

«Խոստումը» ֆիլմը սեպտեմբերի 12-ին ներկայացվել էր Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում և անմիջապես դարձել թուրք և ադրբեջանցի ժխտողականների թիրախը։ Ժապավենի դեմ սկսված արշավի մասին ահազանգել են ինչպես հայաստանյան, այնպես էլ Սփյուռքի գործիչներ:

«Թվում է՝ Ցեղասպանության ժխտողները անգամ մինչև «Խոստումը» ֆիլմի թողարկումը փորձում են նվազեցնել դրա վարկանիշը՝ դնելով 1: Սա իսկական քաղաքական արշավ է և պետք է հետաքննվի IMDB-ի կողմից»,- Ֆեյսբուքում գրառում էր արել աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ կոչ անելով քվեարկել ֆիլմի օգտին՝ դրա դիրքերի «սարսափելի և անարդար» անկմանը հակազդելու համար:

Օրերս ի աջակցություն ֆիլմի հանդես էր եկել աշխարհահռչակ մեկ այլ հայ՝ երգչուհի Շերը, որը ֆիլմը դիտելուց հետո գրառում էր արել Թվիթերում․ «Այսօր երեկոյան դիտել եմ «Խոստումը»։ Դա իրական պատմություն է այն մասին, թե ինչպես թուրքերը կոտորեցին 1,5 մլն հայ 1915թ․։ Էրդողան փաշա․․․ այլևս երբե՛ք»։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել