Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրյոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող մի շարք հարցերի։ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է՝ մերժում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։

Նալբանդյանը նշել է, որ հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ կոչերի՝ զերծ մնալ առավելապաշտական և սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից՝ Բաքուն շարունակում է այդ գործելաոճը, ինչի թարմ ապացույցն են վերջին օրերին բանակցային գործընթացի էությունը և ոգին խեղաթյուրող Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող հայտարարությունները, որոնք միանշանակ վնասակար են բանակացային գործընթացի համար, հաղորդում են ԱԳՆ-ից։

***

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան են ժամանել այսօր։ Նախքան այդ նրանք եղել էին Բաքվում, ապա այցելել Լեռնային Ղարաբաղ։ Այսօր՝ ավելի վաղ, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մամուլի ասուլիս էր հրավիրել Երևանում, որի ընթացքում անդրադառնալով կարգավորման գործընթացին՝ կրկին նշել էր, որ կարգավորման բոլոր տարրերը քննարկման փուլում են, և որ խոսքը համապարփակ լուծման մասին է՝ այն տարրերի, որոնք պետք է լինեն սեղանին և քննարկվեն։ Նա նաև ասել էր, որ սա հարց չէ, որը պետք է ընդունելի լինի միջնորդների համար, այլ հարց է, որը պետք է ընդունելի լինի կողմերի համար։ «Խաղաղությունը չի կարող պարտադրվել կողմերին»,- ասել էր Ուորլիքը։

Մեկնաբանել