ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել հոկտեմբերի 23-25-ը տարածարջան կատարած այցի արդյունքներով։
Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների, Հայաստանի նորանշանակ պաշտպանության նախարարի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իշխանություննների հետ։ Այցի նպատակն էր քննարկել իրավիճակը ապրիլյան աննախադեպ ագրեսիայից հետո և հստակեցնել դիրքորոշումները բանակցային գործընթացում։
«Հանդիպումների ընթացքում կողմերը վերահաստատել են, որ իրավիճակը մնում է հարաբերականորեն հանդարտ։ Համանախագահներն ընդգծել են, որ հրադադարի պահպանումն անհրաժեշտ հիմք է ապահովում ընթացիկ բանակցությունների համար և շեշտել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացված որոշումների լիարժեք կատարման կարևորությունը։
Համանախագահները նաև քննարկել են ընթացիկ առաջարկները՝ առաջ մղելու տևական խաղաղությանն ուղղված բովանդակային բանակցությունները։ Նախագահներն արտահայտել են իրենց տեսակետներն առ այն, թե ինչպես առաջ մղել կարգավորման գործընթացը։ Նախագահները նաև վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ ընդլայնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները։ Գործառնական մանրամասները դեռևս քննարկվում են»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ համանախագահները մտադիր են հանդիպել արտգործնախարարների հետ 2016թ․ դեկտեմբերին Համբուրգում ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման ժամանակ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ ամենասեղմ ժամկետներում հանդիպման հնարավորությունը։ «Բարձր մակարդակի նման երկխոսությունն անհրաժեշտ է՝ գրանցելու առաջընթաց կարգավորման հարցում»,- ասված է հայտարարության մեջ։
Միջնորդները տարածաշրջանում հանդիպել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու աշխատանքը, որը կազմակերպությունն իրականացնում է անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ։