Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից, հաղորդում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն՝ ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016թ․ նոյեմբերի վերջից շաբաթական 3 անգամ «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացնել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան և հետադարձ ուղղությամբ։
Քաղավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ ավիատոմսերի սակագները լինելու են՝ սկսած 10 հազ․ դրամից: Թռիչքներն իրականացվելու են ցերեկային ժամերին:
«Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը «Աէրոֆլոտ»-ի դուստր ընկերությունն է։ «Պոբեդա»-ն ստեղծվել է 2014թ․ Եվրամիության պատժամիջոցների պատճառով գործունեությունը դադարեցրած «Դոբրոլյոտ» ընկերության փոխարեն։ Առաջին թռիչքը «Պոբեդա»-ն իրականացրել է 2014թ․ դեկտեմբերի 1-ին։