Եթե անհրաժեշտությունը լինի, հնարավոր է՝ փակված էջը բացվի․ Գագիկ Ծառուկյան

Եթե անհրաժեշտությունը լինի, հնարավոր է, որ [քաղաքականությունում] փակված էջը բացվի․ լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով քաղաքականություն իր հնարավոր վերադարձի մասին հարցին։ Ծառուկյանը Երևանում մասնակցում էր հայ-ռուսական բիզնես ցուցահանդեսի։

2015թ․ փետրվարի ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ հրապարակային առճակատումից հետո Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու և ԲՀԿ ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին։ Լրագրողներին նա հիշեցրեց․

«Ես 2015թ․ փետրվարի 12-ին հայտարարեցի, որ եթե պետք է իմ ժողովրդի արյունը թափվի, ես դրան դեմ եմ, ես թույլ չեմ տա։ Եթե ես եմ կազմակերպել, ժողովուրդը ինձ հավատում ա, իմ հետևից գալիս ա, ուրեմն ես իրավունք չունեմ, որ իմ ժողովրդի մատից արյուն թափվի։ Դա արդեն հեղափոխություն էր, հեղափոխությունը առանց արյուն չի լինելու։ Իսկ ես քաղաքականություն չեմ մտել, որ իմ ժողովրդի արյունը թափվի․․․ Ես այդ պահին ասեցի, որ ցնցում չլինի, արյուն չթավի, մեր երկու պետությունները չվտանգենք, դրա համար ես քաղաքական էջը ծալում եմ՝ նայելով, որ դա չկատարվի»։

«Եթե անհրաժեշտություն լինի, եթե դրա կարիքը լինի, եթե կարկառուն քաղաքական գործիչները չեն կարողանում առաջ տանել, պահանջարկը լինի, թեկուզ ես դրա կարիքը չունեմ,- ես ունեմ հարգանք, ճանաչում, զբաղմունք, որպեսզի մտնեմ քաղաքականության մեջ ու ճանաչում ձեռք բերեմ,- հնարավոր է, որ փակված գիրքը, ծալած էջը բացվի»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։

Լրագրողները հիշեցրին, որ մի շարք հանրապետականներ հարձակում էին սկսել նրա դեմ 2015թ․ փետրվարին։ «Ծառուկյանը նենգ մարդ չի, բարի ա և ներող ա։ Ես բոլորին ներում եմ»,- ասաց Ծառուկյանը։

***

Հոկտեմբերի 24-ին մի խումբ քաղաքացիներ Գագիկ Ծառուկյանի առանձնատան դիմաց ցույց էին կազմակերպել։ Նրանք կոչ էին անում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդին վերադառնալ քաղաքականություն։ ՍիվիլՆեթի անդրադարձը՝ ստորև։

Մեկնաբանել