Շատ կարևոր է մաքրել քաղաքական դաշտը․ ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչի խորհուրդը  

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) համաձայն է Հայաստանի նոր կառավարության այն հայտարարությանը, որ տնտեսական մենաշնորհները սահմանափակում են ու խոչընդոտներ ստեղծում երկրի տնտեսության համար․ այս մասին այսօր հայտարարեց Եվրոբանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը։

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման թեմայով ասուլիսին Մարկ Դեյվիսը իրավիճակը փոխելու մի քանի քայլ մատնանշեց։

Առաջին քայլը պետք է լինի հարկային և մաքսային դաշտի մաքրումը, և «այդ ուղղությամբ մտադրությունները շատ քաջալերող են»։ Սա անելու համար, ըստ Դեյվիսի, շատ կարևոր է մաքրել քաղաքական դաշտը, որպեսզի հնարավոր լինի մաքրել առաջինը։

Երրորդ խնդիրը, Եվրոբանկի պաշտոնյայի խոսքով, սրանք իրականացնելու համար տեխնիկական կարողություններ ունենալն է։ «Ես կարծում եմ, որ միջազգային ֆինանսական կառույցների աջակցությունը կա՝ աջակցելու ցանկացած լավ նախաձեռնության ու ջանքի։ Ժամանակ է պետք, սա ինստիտուցիոնալ փոփոխություններ պահանջող հարց է»,- ասաց Մարկ Դեյվիսը՝ գոհունակություն հայտնելով, որ հարցի շուրջ Հայաստանի կառավարությունում ակտիվ քննարկումներ են գնում։

ՎԶԵԲ-ի պաշտոնյան խոսեց նաև Հայաստանի նոր Հարկային օրենսգրքի մասին, նշելով, որ իրենք դրա քննարկումներում մասնակցություն չեն ունեցել։ «Դժբախտաբար, Հայաստանը հարկային լավ թափանցիկություն ունեցող երկիր չէ»,- ասաց նա։

ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակից Տիգրան Աղաբեկյանը որոշակի թվային տվյալներ ներկայացրեց Հայաստանում բանկի գործունեության վերաբերյալ։ 2003-ից ի վեր՝ ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակը 1200 խորհրդատվություններ է տրամարդել փոքր ու միջին ձեռնարկություններին, իսկ վարկերի ու այլ ծրագրերի միջոցով ՓՄՁ-ներին ցույց տրված օժանդակությունը հասնում է 133 միլիոն դոլարի։

Մեկնաբանել